Չեմ սիրում գնահատականներ տալ ընթացիկ քրեական գործերին. Ավինյանը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և մյուսների նկատմամբ հարուցված գործի մասին
Այսօր մամուլի ասուլիսի ժամանկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի եւ մյուսների նկատմամբ հարուցված գործին՝ ասելով, որ ինքը չի սիրում գնահատականներ տալ ընթացիկ քրեական գործերին:
«Վստահաբար, այդտեղ ժամանակը ցույց կտա՝ ճիշտ է, թե սխալ: Կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից առաջին պատասխանատվությունը կառույցի ղեկավարինն է: Մեզ մոտ կադրային փոփոխություններ տեղի են ունեցել որոշ դեպքերում հենց այդ նկատառումներով, որ մեկ վարչությունում շատ մարդիկ պոտենցիալ կոռուպցիոն սխեմայի մեջ են, եւ այդ մարդկանց փոխարինման գործողությունը տեղի է ունեցել: Կանխարգելման պատասխանատվությունը ղեկավարինն է, իրավական պատասխանատվությունը արդեն փաստով արձանագրված դեպքերի մասին պետք է լինի:
Ես հուսով եմ, որ իրավապահ համակարգը նույնպես այդ պատասխանատվության չափը գիտակցում է: Այսինքն՝ երբ ամեն անգամ X, Y, Z մարդուն մեղադրանք է առաջադրվում, հետո որոշակի հարցեր, խնդիրներ են առաջանում, դա էլ է խնդիր: Սա էլ է պրոցես, էս պրոցեսն էլ կանցնենք, եւ ես շատ հուսով եմ, որ իրավապահ համակարգն ինչ-որ փուլում կդառնա այն ինստիտուտը, որ այդ վերջին օղակը ամբողջապես կփակի կոռուպցիայի տեսանկյունից: Ես ուզում եմ վստահեցնել, որ որեւէ նման հարց քաղաքական ենթատեքստ չունի եւ չի կարող ունենալ»,-ասաց նա:
Լրագրողի ճշտող հարցին, թե, ուրեմն, թիրախն ի՞նքը չէ, Ավինյանն արձագանքեց. «Ոչ մի դեպքում: Քաղաքական թիրախ այս գործերով չկա ու չի կարող լինել»: