երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չեմ բացառում, որ առաջիկա քառօրյային առաջադրենք ԲԴԽ անդամի երկրորդ թեկնածուին․ Մակունց

Չեմ բացառում, որ առաջիկա քառօրյային առաջադրենք ԲԴԽ անդամի երկրորդ թեկնածուին․ Մակունց

 

«Մենք նման խնդիր այս երկուսուկես տարիների ընթացքում մեր առջև չենք դրել, ինչի վառ վկայությունն են բազմաթիվ փաստեր։ Որևէ նման խնդիր չի դրվում և չի կարող դրվել այս իշխանության պարագայում։ Ես ասացի արդեն՝ մենք ինչով ենք առաջնորդվում և հենց այդպես էլ շարժվում ենք»։

Մակունցը հիշեցրեց՝ ԲԴԽ-ում տևական ժամանակ մեկ թափուր տեղ կար, հետո ավելացավ երկրորդը։ «Դատական խորհրդի թեկնածուի չափանիշները հրապարակային են և հանրային։ Եվ այդ չափանիշները համապատասխանելու պարագայում խմբակցությունը կաշկանդված չէ որևէ թեկնածուի առաջադրելու, ինչով և առաջնորդվել ենք»։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն Ջհանգիրյանից, Մակունցը նշեց՝ ակնկալիքները իրենք չեն սահմանում։ «Կան չափանիշներ, գործառույթներ, որոնք Բարձրագույն դատական խորհդի անդամը պարտավոր է կատարել, և դա պայմանավորված չէ որևէ քաղաքական ուժի ակնկալիքներով»։

Գագիկ Ջհանգիրյանի տարիքի հետ կապված ևս որոշակի քննարկումներ են տեղի ունեցել։ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում: Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարում են նրա 65 տարին լրանալու հաջորդ օրը:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Մակունցը նշեց, որ ԲԴԽ թեկնածուի առաջադրման համար դատավորների և իրավաբան-գիտնականների պահանջները տարբեր են։

«Դատավորների համար կա տարիքային սահմանափակում, իսկ իրավաբան-գիտնականների համար այդ տարիքային սահմանափակումը չկա։ Պատահական չէ, որ տարիներ առաջ նաև հենց այդ հիմքով ընտրվել է դատավոր, որի պարագայում որևէ խնդիր նաև այն ժամանակ չի առաջացել»,- նշեց Մակունցը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին։

«Հայկական ժամանակի»-ի հարցին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ևս մտահոգություն էր հայտնել Գագիկ Ջհանգիրյանի տարիքի վերաբերյալ, Մակունցը նշեց. «Այդ հարցի մեկնաբանությունը ես չէ, որ պետք է տամ։ Կարծում եմ՝ հենց իրեն պետք է ուղղեք, և եթե կա խախտում, կամ եղել է խախտում, ապա նաև այդ պարզաբանումը պետք է տա այն անձը, ում ուղղված է խոսքը»։

Մակունցը նաև ասաց, որ ԲԴԽ անդամի երկրորդ թեկնածուի հետ կապված նույնպես քննարկումներ են իարկանացնում։ «Առաջիկայում կհանդիպենք նրանց հետ, խմբակցությունը երբ կկայացնի որոշում, անպայման, իհարկե, կտեղեկացնենք։ Չեմ բացառում, որ մյուս քառօրյային ևս երկրորդ թեկնածուին առաջադրենք»։

  • Կիսվել: