Ցավոք, նորից ականատես ենք լինում արդեն սերիալ դարձած ընդդիմադիր ակտիվիզմի արդեն որերորդ անհաջող եթերշարջանին․ Ալեքսանյան
«Ցավոք, նորից ականատես ենք լինում արդեն սերիալ դարձած ընդդիմադիր ակտիվիզմի արդեն որերորդ անհաջող եթերշարջանին», - ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ի պատասխան նախորդիվ հնչած ընդդիմադիր պատգամավորների ելույթների։
«Հիշեցնեմ, որ սերիալի մեկնարկում հերոսները պատմում էին, որ Կիրանցի եկեղեցին մզիկիթ է դառնալու, Կիրանցի դպրոցը չի աշխատելու ու տարատեսակ բաներ։ Նախորդ սեզոնի վերջնամասում սերիալի այդ թևի հերոսները մեկը մյուսի հետ կռվեցին, մեկը մյուսին մեղադրեց այն մեկի մարդը լինելու մեջ։ Ըստ տարատեսակ օբյեկտիվ քաղաքացիների, իրար մի ահագին ճշմարիտ բաներ ասեցին․ «երկու կողմդ էլ ճիշտ եք սիրելի գործընկներներ», մեր քաղաքացիներն ուզում էին սա պարբերաբար ասել»,- նշեց նա։
«Արթուր Խաչատրյանն ասում է ես կառավարությանն հարցում եմ արել, ինձ գաղտնիով պատասխան է եկել, չեմ կարող ասել ինչ են ասել, որովհետև գաղտնի է, բայց դա նշանակում է , որ ՀՀ ինքնիշխան տարածքից հող են տվել , պարո՛ն Խաչատրյան էն օրը ՊՆ-ին հարցում եմ արել գաղտնի պատասխան է եկել, ու դա նշանակում է, որ Դաշնակցությունը դավաճանական կուսակցություն է, տրամաբանությունն ըմբռնեցի՞ք», -նկատեց նա։
Դիմելով ընդդիմադիր պատագամվորներին՝ Ալեքսանյանն ասացմ, որ հանրությունն ամեն ինչ լավ գիտի ու լավ է հասկանում․«Եթե հանրությունը չհասկանար, չընկալեր, ես վստահեցնում եմ՝ ձեր քաղաքական ակցիաներն այդքան անհաջող ու ձախողակ չէին լինի»։