կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց քյաբաբային ելույթները և կենտրոնանան մեր երկրի խնդիրների վրա. Մարուքյան

Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց քյաբաբային ելույթները և կենտրոնանան մեր երկրի խնդիրների վրա. Մարուքյան

Քարոզարշավի առաջին օրը ցույց տվեց, որ համերաշխության մասին մեր ուղերձը շատ կարևոր ուղերձ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Առաջին օրը ցույց տվեց, որ քաղաքացիների արձագանքը՝ միասնության և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու վերաբերյալ, շատ լավ է ընկալվում»,- ասաց Մարուքյանը։

Նա նշեց, որ այսօր թշնամին եկել մտել է մեր տարածք, «մենք այստեղ իրար ենք ուտում»։

«Եվ նայեք քննարկումն ինչի մասին է՝ «այ 500 դրամանոց քյաբաբ ուտողներ, ոտնատակ կտանք ձեզ»։  Էս ա էս քարոզարշավի հռետորաբանությունը։ Ես ոչ թե ուզում եմ քյաբաբի մասին զրուցել մեր ժողովրդի հետ, ուզում եմ մեր սահմաններն ամրացնելու մասին խոսել։ Ես ուզում եմ մենք խոսենք պատերազմի արհավիրքն ուսումնասիրելու և մեր սխալներից դասեր քաղելու մասին։ Լավ բան չի սպասվում, եթե այս մարդիկ այսպես շարունակեն։ Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց քյաբաբային ելույթները և կենտրոնանան մեր երկրի խնդիրների վրա»,- ասաց նա։

Ըստ Մարուքյանի՝ միակ ուժը, որն այսօր կարող է լինել ազգային համաձայնության կառավարության կենտրոնում, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է, որովհետև ոչ մի անգամ ատելության քարոզի կողմ չեն եղել։

«Հիմա մեր ասածը հետևյալն է՝ սիրելի ժողովուրդ, սիրելի 45 տոկոս չկողմնորոշված ընտրողներ, եթե դուք ձեր ձայնը տալիս եք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, դուք մեզ տալիս եք մանդատ՝ մյուս բոլոր ուժերին բերել ի շրջանս յուր։ Մենք կարող ենք նրանց պարտադրել այդ ներքաղաքկան հաշտությունը։ Եթե չէ, ուրեմն լինելու է էն, ինչի մասին ես եմ խոսել, երեկ առաջին նախագահն է խոսել։ Հունիսի 21-ին ամեն մեկն իրենց կողմնակիցներին հանելու են փողոց, էն մեկն ասելու է՝ ես եմ հաղթել, մյուսն ասելու է՝ ես եմ հաղթել»,- ասաց նա։

  • Կիսվել: