Բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ կտեղադրվի ՀՀ դրոշը. Ղազարյան
Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պարտադիր կարգով պետք է տեղադրվի բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ։ Այս մասին հուլիսի 1-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ ներկայումս Հայաստանում չկա իրավական կարգավորում, որը կսահմաներ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ պետական դրոշի պարտադիր տեղադրումը։ «Գործնականում մի շարք համայնքներում պետական դրոշները տեղադրվել են տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում և պարտադիր պահանջ փաստացի գոյություն չունի»,- ասաց Ղազարյանը։
Արդյունքում, ինչպես նշել է պատգամավորը, շատ բնակավայրերի մուտքերի մոտ պետական դրոշը կա՛մ բացակայում է, կա՛մ անմխիթար վիճակում է, ինչը թույլ չի տալիս պատշաճ ու միասնական կերպով ներկայացնել պետական խորհրդանիշները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պետականության, ինքնիշխանության և ազգային արժանապատվության կարևորագույն խորհրդանիշներից է։ Բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ դրոշի առկայությունը կնպաստի ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը, կձևավորի միասնական պետական միջավայր, կունենա կրթադաստիարակչական նշանակություն, ինչպես նաև կօգնի, որ մեր երկրի քաղաքացիներն ու հյուրերն ավելի հարգալից վերաբերմունք տածեն պետական խորհրդանիշների հանդեպ»,- պարզաբանեց պատգամավորը։
Այսպիսով, ըստ օրինագծի, բնակավայրերի գլխավոր մուտքերի մոտ պետք է տեղադրվի Հայաստանի Հանրապետության պետական դրոշը (առնվազն 1,2 մետր չափսով)։



