Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը համաձայնել է երրորդ երկրների հետ հաղորդակցությունների անվտանգությանը, իրականության խեղաթյուրում են․ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի բացել տրանսպորտային ուղիները և ստեղծել խողովակաշարերի և մալուխների անցկացման հնարավորություններ, ինչը խաղաղության հասնելու առանցքային գործոն է: Այս մասին ՄԱԿ-ի ԳՎ-ում ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք բացել մեր երթուղիները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի, ինչպես նաև մնացած հարևանների և գործընկերների համար։ «Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ միջին միջանցքի մի մասը՝ ապահովելով ապրանքների ավելի արագ և արդյունավետ առաքում: Հայաստանը պատրաստ է երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունը»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանը համաձայնել է երրորդ երկրների հետ հաղորդակցությունների անվտանգությանը, իրականության խեղաթյուրում են։ «Մեր պարտականությունն է ապահովել անվտանգությունը մեր տարածքում»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։