Բնակչության կողմից լուռ աջակցություն ենք ստացել մեր ծրագրի համար․ Միրզոյան
«Մենք, իհարկե, կապված ենք միմյանց հետ։ Մեր տնտեսությունները փոխկապակցված են։ Էներգետիկ համակարգը շատ ուժեղ կապված է Ռուսաստանի հետ», - այս մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք ասացինք, որ նրանք մեր գլխավոր տնտեսական և առևտրային գործընկերներից են։ Բայց մենք նաև դիվերսիֆիկացնում ենք գրեթե ամեն ինչ, ներառյալ տնտեսությունը, առևտուրը, մատակարարման շուկաները և այլն։
Իսկապես, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք անընդհատ պնդում են, որ անհրաժեշտ է դառնալ ավելի, ինչպես իրենք են ասում, ընդգծված ռուսամետ կառավարություն։ Մեր դիրքորոշումն այն է, որ դա մի հարց է, որը պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները։ Մարդիկ հնարավորություն ունեն ինքնուրույն որոշելու երկրի ճակատագիրը։ Դա ընտրություններն են։ Մեր քաղաքական խմբակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը։ Մենք աջակցություն ենք ստացել արտահերթ խորհրդարանական ընտրություններում 2021 թվականին՝ լուրջ ներքաղաքական ճգնաժամից հետո»։
Այն ժամանակ հասարակական կարծիքի մի քանի հարցում էր անցկացվել։ Մեր վարչապետն ասել էր, որ ժողովրդավարությունը և ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն իր անձնական գերակայությունն է և մեր քաղաքական կուսակցության ծրագիրը։ Քանի որ հիմա կառավարությունը մենք ենք, մենք էլ կիրականացնենք այդ ծրագիրը։ Եթե մարդիկ համաձայն չեն և չեն կարող սպասել հաջորդ ընտրություններին, նրանք կարող են դուրս գալ փողոց, բողոքի ցույցեր կազմակերպել և հեղափոխություն անել։ Մենք արհեստականորեն չենք խոչընդոտում դրան։ Ինչպես տեսնում եք, հեղափոխություն տեղի չունեցավ։
Սա նաև նշանակում է բնակչության, մեր քաղաքացիների կողմից մեր ծրագրին տրվող լուռ աջակցությունը։ Եվ եթե դա բավարար չէ, մենք հաջորդ ամռանը խորհրդարանական ընտրություններ կունենանք։ Հետևաբար, աշխարհում բոլորը պետք է հարգեն մեր քաղաքացիների ձայնն ու որոշումները», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։


