Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուց
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը խորհուրդ է տվել քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ Ռուսաստան, հատկապես սահմանամերձ շրջաններ մեկնելուց։ Այս մասին հաղորդել է BelTA պետական լրատվական գործակալությունը։
Վոլֆովիչի մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի իշխանությունները երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հաղորդել են սահմանամերձ Բրյանսկի մարզում Բելառուսի քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսների վրա անօդաչու սարքերի հարձակման մասին։
Առաջին անգամ անօդաչու թռչող սարքը Բրյանսկի մարզում հունիսի 17-ին հարվածել էր Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսին, որը Գոմելից մեկնում էր Գելենջիկ՝ հանգստանալու։ Ավտոբուսում եղել է 44 մարդ, այդ թվում՝ 28 երեխա։ Հարվածի հետևանքով զոհվել է երեխաներին ուղեկցող մի կին, վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Ուկրաինայի նախագահը և զինված ուժերը հերքել են բելառուսական ավտոբուսի վրա հարձակման հետ կապը: Ըստ Վոլոդիմիր Զելենսկու՝ ռուսական կողմը, մեղադրելով Ուկրաինային, ցանկանում է Բելառուսին և նրա ժողովրդին ներքաշել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ: Զելենսկին շեշտել է, որ միջազգային փորձագիտական խումբն ապացուցել է, որ Կիևը հարձակումների հետ կապ չունի:



