երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Չնայած Ադրբեջանի վայրագություններին՝ Բայդենը կասեցրել է 907-րդ բանաձևը. Newsweek-ի հոդվածագիր

Չնայած Ադրբեջանի վայրագություններին՝ Բայդենը կասեցրել է 907-րդ բանաձևը. Newsweek-ի հոդվածագիր

Newsweek ամերիկյան ամսագրում հրապարակվել է հասարակության հետ կապերի մասնագետ Ստեֆան Պեչդիմալդջիի հոդվածը, որում նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է միայն նրա համար, որ թույլ տա շարունակել այլ ցեղասպանություններ:
 
Պեչդիմալդջիի խոսքով՝  նախորդ տարի պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Ջո Բայդենը կատարել է իր նախընտրական խոստումը, սակայն  որոշ ժամանակ անց նա որոշում կայացրեց կասեցնել ՛՛Ազատության աջակցության ակտի՛՛ 907-րդ բանաձևը և հաջորդ բյուջետային տարում Ադրբեջանին տրամադրել ուղիղ ռազմական օգնություն:
 
՛՛Շատ առումներով Բայդենը ցեղասպանությունը ճանաչել է միայն նրա համար, որպեսզի թույլ տա շարունակել այլ ցեղասպանություններ՛՛,-գրել է նա:
 
Հոդվածագիրը նաև նշել է, որ լիովին հասկանալու համար, թե ինչու են ամերիկահայերը վրդովված Ջո Բայդենի այդ որոշմամբ, անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաստան-ԱՄՆ եւ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների անհավասարությունը:
 
՛՛Ամերիկահայերի համար 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը դարձավ Հայոց ցեղասպանության մասին վառ հիշեցում և այն մասին, թե ինչպես է աշխարհը շարունակում աչք փակել նրանց տառապանքներին: Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանը սանձազերծել է ոչ արդարացի պատերազմ` փորձելով ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերին: Միաժամանակ, Ադրբեջանը ձեռնամուխ եղավ էթնիկ հայերի պատմամշակութային օբյեկտների, եկեղեցիների, վանքերի, գերեզմանների ոչնչացմանը: Խախտելով պատերազմ վարելու բոլոր նորմերը` Ադրբեջանը հրետակոծել է խաղաղ բնակչությամբ բնակեցված շրջաններն ու ծննդատունը ՝ Ստեփանակերտում բալիստիկ հրթիռներով ու կասետային զինամթերքով, որոնք միջազգային չափորոշիչներով արգելված են՛՛,-գրել է նա:
 
Պեչդիմալդջին նշել է նաև, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը նաև կիրառել է զանգվածային ոչնչացման զենք, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է, ներառյալ Ժնևյան կոնվենցիաները եւ Քիմիական զենքի մասին կոնվենցիան, որոնք վավերացրել է Ադրբեջանը: Նա հավելել է, որ, չնայած այդ վայրագություններին, որոնք ցուցադրվել և ներկայացվել են ամենուր, նախագահ Բայդենը ոչինչ չի արել։ ՛՛Ամեն դեպքում, նա կրկնապատկել է իր անհոգությունը, երբ բանը հասել էր Ադրբեջանի ռազմական հանցագործություններին, նա կոչ էր արել 164 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Բաքվին 2023 ֆինանսական տարվա համար՝ առաջարկելով կրճատել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը 47 տոկոսով` 24 մլն դոլար, և առանց նշելու Արցախի համար օգնության չափը՛՛,-նշել է հոդվածագիրը:
 
Նա նաև կարծիք է հայտնել, որ ամեն դեպքում դեռ  ուշ չէ, և Բայդենը դեռ ժամանակ ունի փոխելու կուրսը Ադրբեջանի և նրա նավթային դիկտատորի նկատմամբ. ՛՛Եթե Բայդենն իսկապես ցանկանում է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և կանխել նման վայրագությունների կրկնությունը, ապա նա կանի այն, ինչը ճիշտ է. կաջակցի Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևին՛՛:

  • Կիսվել: