«Բարգավաճ Հայաստան»-ը խաղաղության համար անհրաժեշտ է համարում որևէ հզոր երկրի երաշխավորությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պետք է երաշխավորված լինի որևէ հզոր պետության կողմից։
Այս մասին Գագիկ Ծառուկյանն ասել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակում։
Նրա խոսքով՝ աշխարհի որևէ հզոր պետություն պետք է որպես երաշխավոր ստորագրի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, որով կշեշտվեն նաև երկու երկրների սահմանները, իսկ խախտողի համար կսահմանվի համապատասխան պատիժ։
«Այդ ժամանակ մենք պատերազմի դռներն ամուր փակում ենք և զբաղվում ենք զարգացմամբ, բարեկեցությամբ»,-ասել է Ծառուկյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի կարծիքով՝ Հայաստանում պետք է հրաժարվել Բոլոնիայի գործընթացի շրջանակներում իրականացվող կրթական ծրագրերից, քանի որ այն ոչինչ չի տվել՝ միայն ավելացնելով աշակերտի ուսման տևողությունը 2 տարով։
Նա կարևորել է նաև պետության կողմից աջակցությունը, որպեսզի ներվեն այն քաղաքացիների վարկերը, որոնք հասնում են մինչև 3 միլիոն դրամի։
«Երկու միլիոն 200 հազար մարդ վարկերից կազատվի և հնարավորություն կունենա իր աշխատած գումարով իր ընտանիքը պահել»,-ընդգծել է Ծառուկյանը։


