երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԺ-ում որոշվել է ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ

ԱԺ-ում որոշվել է ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ։ Այս մասին հանձնաժողովի այսօրվա նիստում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Այսինքն՝ կլինի աշխատանքային խումբ, որը կզբաղվի օպերատիվ լուծում պահանջող այն բոլոր խնդիրներով, որոնք մեր գործարարներն ունենում են։ Դա կլինեն շինթույլտվությունների, տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ կապված հարցեր։ Փորձելու ենք այդ խումբը մաքսիմալ արագ կազմակերպել ու հնարավորություն ապահովել, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան»,- ասաց նա։ Ըստ Թունյանի՝ ընդդիմադիր գործընկերներին նույնպես կներգրավեն այդ գործընթացում, եթե ցանկություն կունենան։

 

Բաբկեն Թունյանը պետական մարմիններին կոչ արեց որևէ լրացուցիչ խնդիր չստեղծել բիզնեսի համար։ «Այսինքն՝ ժամանակ չձգել, տարբեր կանոնակարգումներ, որոնք ունեն տարաբնույթ մեկնաբանություն, չօգտագործել բիզնեսի դեմ։ Այսինքն՝ այս փուլում ու ընդհանրապես սրանից հետո ես խնդրում եմ, որ այդ պատասխանատվության զգացումը բոլորի մոտ ավելի բարձր լինի։ Իսկ մենք կհետևենք, որ այդ պրոցեսներն ընթանան ինչպես հարկն է։ Հայաստանում գործունեություն ծավալող բիզնեսի նկատմամբ որևէ մեկը լրացուցիչ խոչընդոտ չպետք է ստեղծի»,- ասաց նա։

  • Կիսվել: