շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
ԱԺ-ն քննարկում է Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ որոշման նախագիծը

ԱԺ-ն քննարկում է Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ որոշման նախագիծը

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրել է ԱԺ արտահերթ նստաշրջան:

Քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ որոշման նախագիծը:

«Իշխան Սաղաթելյանն ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ԱԺ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը՝ հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրությունը և ի գիտություն ընդունելով Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ-ի, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի և աշխատանքային խմբերի նիստերին, այնինչ Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից հունիսի 29-ը ներառյալ, այսինքն` առաջին օրացուցային կիսամյակի  նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է թվով 198 բացակա:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ԱԺ նախագահի տեղակալները մասնակցում են ԱԺ խորհրդի նիստերին: Նշվածը նշանակում է, որ ԱԺ խորհրդի նիստերին մասնակցությունն ԱԺ նախագահի տեղակալի անմիջական պարտականությունն է: 8-րդ գումարման Ազգային ժողովի խորհուրդն իր ձևավորման պահից, այսինքն` 2021 թվականի օգոստոսից առ այսօր գումարել է 25 նիստ: ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը նշված 25 նիստից միայն 7-ին է ներկա եղել:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ, որոնք ԱԺ նախագահի հանձնարարությամբ նախագահում են ԱԺ նիստերը, խորհրդի նիստերը, փոխարինում են ԱԺ նախագահին կամ իրականացնում ԱԺ բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ:

Իշխան Սաղաթելյանի հաճախակի բացակայությունների պատճառով նաև անհնարին է դարձել վերջինիս՝ ԱԺ նախագահի կողմից հանձնարարություններ տալը և լիազորությունների պատվիրակումը, ինչի հետևանքով նաև չեն իրացվել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմերը»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Ջուլհակյանը նաև նշեց, որ Սաղաթելյանի կողմից բախումներ հրահրելու դեպքեր են արձանագրվել մայիսի 2-ին, 3-ին, 4-ին, 18-ին, 30-ին, որոնց վերաբերյալ հղումները ներկայացված են քննարկվող նախագծի հիմնավորումներում:

«Բախումներ հրահրելու նկատմամբ պարոն Սաղաթելյանի սերն իր ապոգեին հասավ հունիսի 3-ին, երբ Իշխան Սաղաթելյանի դրդմամբ երթի մասնակիցները փորձեցին ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան: Երթի մասնակիցները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցրեցին ոստիկաններին:

Հրահրված բախման հետևանքով բուժհաստատություններ են դիմել առնվազն 60 անձ, որոնցից 39-ը՝ ոստիկանության ծառայողներ: Պարոն Սաղաթելյանը նաև հանդես է եկել մի շարք վիրավորական արտահայտություններով, սպառնալիքներով, ատելության խոսքով»,- ասաց Ջուլհակյանը:

  • Կիսվել: