ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ազգային առաջընաց» կուսակցությունը մեկնարկում է «Կանաչ Երևան» և «Մաքուր Երևան» արշավները

«Ազգային առաջընաց» կուսակցությունը մեկնարկում է «Կանաչ Երևան» և «Մաքուր Երևան» արշավները

Երևանի քաղաքապետարանում ընթացող վերջին գործընթացների, ինչպես նաև սպասվող Ավագանու ընտրությունների մասին InfoPort.am-ը զրուցել է «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Ռոբերտ Ծովյանի հետ։

Պ-ն Ծովյան, օրեր առաջ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Հրաչյա Սարգսյանը, սպասվում են քաղաքապետի նոր ընտրություններ։ Ձեր կարծիքով հերթական ընտրություններից ամիսներ առաջ այսպիսի տեղաշարժերը ի՞նչ իմաստ ունեն։      

- Կարծում եմ՝ այնպես չէ, որ ներկայիս իշխանությունները գոհ չէին Հրաչյա Սարգսյանի կատարած աշխատանքից, քանի որ բոլորը գիտեն, որ նա դեռ Հայկ Մարությանի ժամանակներից է աշխատել քաղաքապետարանում և հիմնական բարեփոխումների հետևում հենց նա էր կագնած։ Իմ կարծիքով, միակ խնդիրն այն է, որ Հրաչյա Սարգսյանը իրենց քաղաքական թիմից չէ։ Իրականում, նրա հանդեպ շատ տգեղ վարվեցին, քանի որ Ավինյանի նշանակումից հետո Հրաչյա Սարգսյանը անհետացավ էկրաններից՝ իր տեղը զիջելով Ավինյանին։

Տարատեսակ խոսակցություններ կան այն մասին, որ Երևանում կարող են լինել արտահերթ ընտրություններ, թեև վերջին տվյալներով, այդուհանդերձ իշխանությունները հակված են ընտրությունները անցկացնել օրենքով նախանշված ժամկետներում, այդուհանդերձ քաղաքական ուժերը արդեն դե-ֆակտո սկսել են իրենց քարոզարշավը։ «Ազգային առաջընթաց կուսակցությունը» ի՞նչ է առաջարկելու իր ընտրողներին։    

- Թե ինչ է առաջարկում «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, արդեն իսկ ներկայացվել է մեր ծրագրային կետերի տեսքով, որոնք ավելի մանրամասն կներկայացվեն քարոզարշավի ընթացքում։ Ինչ վերաբերվում է նախապատրաստվելուն, ապա մեր թիմը քաջատեղյակ է թե իր անելիքներին, թե Երևանի խնդիրներին, ամենօրյա ռեժիմով առնչվում է այդ խնդիրների հետ, գիտի, թե որ խնդիրները պետք է առավել արագ լուծվեն։ Մեր կարծիքով, ամենահրատապ խնդիրներից է տրանսպորտային հարցը։ Նաև մեծ ուշադրություն ենք դարձնելու քաղաքի աղտոտվածության հիմնախնդրին, առաջիկայում մեր թիմը կսկսի «Կանաչ Երևան» և «Մաքուր Երևան» արշավը։ Տարածաշրջանում վերջին երկրաշարժերը կրկին եկան ապացուցելու շենքերի սեյսմակայունության կարևորությունը, դա ևս ներառված է մեր ծրագրում։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնենք կայանատեղերի խնդրին ու երթևեկության բեռնաթափմանը հատկապես Երևանի փոքր կենտրոնում։ Հավաստիացնում եմ, որ նշված բոլոր խնդիրների լուծման բանալիները մենք ունենք։

Պ-ն Ծովյան,արդեն պարզ է, որ ընտրություններում մրցակցությունը շատ բարձր է լինելու, դուք էլ համեմատած երիտասարդ քաղաքական ուժ եք, կկարողանա՞ք արժանապատիվ մրցակցություն ապահովել։   

- Մենք դեռ 2018թ մասնակցել ենք ԱԺ ընտրություններին, ուստի այս ընտրությունները մեզ համար առաջինը չեն, ծանոթ ենք ընտրական գործընթացը կազմակերպելու մոտեցումներին, և բնականաբար պատրաստ ենք ու կհասցնենք կազմակերպել մեր անելիքը։

Այդուհանդերձ ձեր թիմը հանրության համար այնքան էլ ճանաչելի չէ, կասեք, օրինակ Դուք, ինչու՞ որոշեցիք մտնել քաղաքականություն։   

- Քաղաքականության հանդեպ հետաքրքրություն ունեցել եմ դեռ ուսանող տարիքից, իսկ ներկայումս, տեսնելով եմ մեր հայրենիքի վիճակը, ցանկանում եմ լինել քաղաքական դաշտի մասնակից, և անել ինձանից կախված առավելագույնը Հայաստանի զարգացման ու հզորացման համար։ Վստահ եմ՝ հնարավորության դեպքում կարողանալու եմ մեծ նպաստ բերել այդ գործին։

Նշենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է ամերիկահայ փաստաբան Հայկ Գրիգորյանը։

  • Կիսվել: