շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այվազյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի ուշադրությունը հրավիրել է գերիներին առնչվող հարցերի վրա

Այվազյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի ուշադրությունը հրավիրել է գերիներին առնչվող հարցերի վրա

Փետրվարի 8-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ` առանձնահատուկ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարթակի դերը համագործակցային օրակարգն առաջ մղելու և խորացնելու գործում: Զրույցի ընթացքում նախարար Արա Այվազյանը և Ֆիլիպ Ռիքերը վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու գործնական ջանքերը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ, այդ թվում տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների անցկացման, բազմաոլորտ համագործակցության ընդլայնման միջոցով:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտների ստեղծման անթույլատրելիության վրա:

Երկուստեք ընդգծվեց ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչը հստակորեն ամրագրված է համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 3-ին արված հայտարարությամբ: Նախարար Այվազյանն առանձնահատուկ կարևորեց այլատյացության դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի բազմապատկումը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար, այդ թվում՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների կրկնումը բացառելու միջոցով:

 

  • Կիսվել: