ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այսօր մենք փաստացի Ռուսաստանի պրոտեկտորատն ենք տարածաշրջանում. ՀՀ երկրորդ նախագահ

Այսօր մենք փաստացի Ռուսաստանի պրոտեկտորատն ենք տարածաշրջանում. ՀՀ երկրորդ նախագահ

Այսօր մենք փաստացի Ռուսաստանի պրոտեկտորատն ենք տարածաշրջանում, որովհետև մեր անվտանգությունը պաշտպանում է Ռուսաստանը: Այս մասին այսօր yerevan.today-ին, politik.am-ին և hayeli.am-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը, բանակը պետք է փոխվի, քրտնաջան աշխատանքով նոր անվտանգության համակարգ պետք է ձևավորվի Արցախում:

՛՛Եթե Արցախի պետականությունը միայն ռուս խաղաղապահներն ապահովեն, ապա ի՞նչ պետականության մասին կարող ենք խոսել, ռուս խաղաղապահները պետք է ապահովեն խաղաղապահ առաքելություն, պետք է թույլ չտան բախումներ Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև, այսօր ոչ միայն այդ ֆունկցիան են կատարում, փաստացի իրենք այսօր անվտանգության երաշխավոր են՛՛,-ասաց Քոչարյանը:

Խոսելով զոհերի թվի, հայկական կողմի կորուստները գաղտնի պահելու մասին՝ նա նշեց, որ գաղտնիք պետք է լինի ոչ թե այն, ինչ կորցրել ենք, այլ այն, թե ինչ ունենք, սակայն, ըստ ՀՀ երկրորդ նախագահի, երբ ՀՀ-ի պետական գաղտնիքին ավելի լավ են տիրապետում Ադրբեջանն ու Թուրքիան, քան սեփական երկրի ՊՆ-ն, ապա ի՞նչ գաղտնիք:

Ինչպես նշեց Քոչարյանը՝ ՀՀ-ն ունեցել է տարածաշրջանում մարտունակ բանակ, դա գործոն էր, հիմա ՀՀ-ն այնքան է թուլացել, որ յուրաքանչյուր հարևան երկիր այն կարող է գրավել:

՛՛Սա է փաստը, հիմա դուք գիտեք, թե ինչ կարգավիճակ է ստանում երկիրը, որը չի կարող պաշտպանվել: Այսօր մենք փաստացի Ռուսաստանի պրոտեկտորատն ենք տարածաշրջանում, որովհետև մեր անվտանգությունը պաշտպանում է Ռուսաստանը, բարեբախտաբար, գոնե դա կա, ուրեմն՝ այս իշխանությունը ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակից մեզ դարձրել է այդ երկրի պրոտեկտորատը, և ճանակատագրի հեգնանքն այն է, որ դա արել են մարդիկ, որոնք ՌԴ դեսպանատան դիմաց ակցիաներ էին անում պահանջելով ՀՀ-ից հանել ռուսական ռազմաբազան՛՛,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

  • Կիսվել: