Այսօր ՀՀ որևէ պետական պաշտոնատար անձ փախստականների խնդրից չի խոսել. Ադրբեջանի ԱԳՆ-ն գրել է «ադրբեջանցի փախստականների արժանապատիվ վերադարձի» մասին. Մարուքյան
2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 55/76 բանաձևով որոշվել է, որ 2001 թվականից սկսած հունիսի 20-ը նշվելու է որպես «Փախստականների համաշխարհային օր»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«1988 - 1994թթ. Արցախյան առաջին պատերազմի արդյունքում հարյուր հազարավոր հայեր ադրբեջանական ագրեսիայից և ջարդերից մազապուրծ փախստական են դարձել Հայաստանի Հանրապետությունում:
2020 - 2023թթ. ադրբեջանական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է շուրջ 150 հազար փախստական:
Այս մարդիկ զրկվել են միջազգային իրավունքով ամրագրված իրենց բնօրրան, հայրենիք վերադառնալու անբեկանելի իրավունքից։
Այսօր Հայաստանի որևէ պետական պաշտոնատար անձ կամ գերատեսչության ներկայացուցիչ Հայաստանում գտնվող փախստականների խնդրից, ինչպես նաև նրաց վերադարձի իրավունքից չի խոսել և չի բարձրաձայնել այն։ Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն X սոցիալական հարթակում գրել է «ադրբեջանցի փախստականների արժանապատիվ և անվտանգ վերադարձի» մասին»։