չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Այսօր Երևանում փողոցները հանգիստ են և կայուն, կշարունակվի՞ արդյոք այդ հանդարտությունը. ՀՀ նախագահի հարցազրույցը РБК-ին

Այսօր Երևանում փողոցները հանգիստ են և կայուն, կշարունակվի՞ արդյոք այդ հանդարտությունը. ՀՀ նախագահի հարցազրույցը РБК-ին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին, որտեղ անդրադարձել է հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ Հայաստանը մոտենում է ձախողված, չկայացած պետության կարգավիճակի: 

Այս առնչությամբ նախագահն ասել է, որ համաձայն չէ նման ձևակերպմանւ. ՛՛Դուք առաջինը չեք, որ ասում եք, թե Հայաստանը ձախողված երկիր է, անկառավարելի է: Դա հասկանալի էր, քանի որ առաջին օրերն էին, անհասկանալի էր, շփոթություն կար, ամեն ինչ հասավ նրան, որ Գլխավոր շտաբը սկսեց ինչ-որ մտքեր հրապարակել, ես իմ նախագահության երեք տարիների ընթացքում առաջին անգամ մտա այդ կառույց, (ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ և, անշուշտ, ես չեմ ղեկավարում բանակը, սակայն ես ստիպված էի այնտեղ գնալ) և լուրջ խոսակցություն ունեցա գեներալների հետ, չեմ կարող, իհարկե, մանրամասներ ներկայացնել այդ հանդիպումից: Այսինքն՝ պետք էր հաղթահարել նման ճգնաժամերը՛՛:

Նա նշել է, որ, մյուս կողմից, ինքն առաջին օրից հայտարարել է, որ այդ դժվար պահի հանգուցալուծման որոշումը պետք է գտնել ընտրությունների միջոցով: Ըստ Սարգսյանի՝ իր առաջարկը շատ պարզ էր՝ առաջին հերթին պետք էր ունենալ պրոֆեսիոնալ կառավարություն, որն այս կամ այն ուժին չաջակցեր, իսկ երկրորդը՝  պետք էր աշխատել Սահմանադրության փոփոխության ուղղությամբ:

Նախագահի խոսքով՝ որևէ էական տարբերություն չի լինի, եթե մեկ ոչ հավասարակշռված համակարգը փոխարինենք մեկ այլ ոչ հավասարակշռված համակարգով:

Նա նշել է, որ կնախընտրեր վերադառնալ նախագահական համակարգի՝ շատ պարզ պատճառով: ՛՛Մեր հասարակությունը ապրել է Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում, ունեցել է երեք նախագահ, և նրա համար խորհրդարանական կառավարման համակարգի կոնցեպցիաները հասկանալը շատ դժվար է: Սակայն ամեն դեպքում՝ լինի նախագահական, թե խորհրդարանական, շատ կարևոր է կառավարման հավասարակշռումը՛՛,-ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահն անդրադարձել է նաև ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Նա նշել է. ՛՛Մենք ընտրություններ ունեցանք, Սահմանադրությունը չփոխեցինք: Ընտրությունների թեմայով քննարկում եմ ունեցել վարչապետի, ընդդիմադիր կուսակցությունների հետ, և դրանք տեղի ունեցան: Իսկ ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո: Փողոցում լարվածությունը կտրուկ նվազեց: Սակայն այսօր լարվածություն կա խորհրդարանականների միջև: Նորմալ է, որ լարվածությունը խորհրդարանում է, սակայն նորմալ չէ, երբ փողոցում էր: Ինձ համար՝ որպես երկրի նախագահ, շատ կարևոր է, որ փողոցում լարվածություն չլինի, որ լարվածություն չլինի բանակի և քաղաքական գործիչների միջև: Ինձ համար՝ որպես նախագահ, շատ կարևոր է, որ փողոցում լինի հանգիստ և կայուն վիճակ: Այսօր Երևանում փողոցները հանգիստ են և կայուն: Կշարունակվի՞ արդյոք այդ հանդարտությունը մշտապես: Ոչ՛՛:

Հարցազրուցավարի դիտարկմանը՝ ՛՛ոչ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մյուս շաբաթվանից ակցիաներ են լինելու՛՛, Սարգսյանը պատասխանել է. ՛՛Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է․․․Գիտեք ինչ, հայտարարելը մեկ բան է, փողոցային... Եղել են ընտրություններ, խնդրեմ, կան արդյունքները: Գործող քաղաքական ուժը, կուսակցությունը գտնվում է խորհրդարանում, կարող են նաև այնտեղ աշխատել... Ամեն դեպքում, լարվածությունը կտրուկ նվազել է՛՛:

Սարգսյանը նշել է նաև, որ խորհրդարանական ընտրություններից հետո լարվածությունը նվազել է: 

՛՛Ժողովուրդը մանդատ է տվել կառավարությանը, որ լուծեն խնդիրները՝ տնտեսական, վիճակագրական, հարկերի և մնացած ամեն ինչի հետ կապված: Մեր երիտասարդ տղաները դեռևս գտնվում են Ադրբեջանում: Դա բոլորովին աննորմալ է: Խնդիրներ կան դեմարկացիայի հետ, հարցեր, որոնք կապված են Հայաստանի և Ադրբեջանի ապագա հարաբերությունների հետ: Սրանք հարցեր են, որոնք կառավարությունը պետք է լուծի: Ժողովուրդը նրան մանդատ է տվել՛՛,-ասել է ՀՀ նախագահը:

  • Կիսվել: