երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Այսօր դատաիրավական բարեփոխումներն անհրաժեշտություն են. Թադևոսյան

Այսօր դատաիրավական բարեփոխումներն անհրաժեշտություն են. Թադևոսյան

«Դատաիրավական բարեփոխումները հարատև գործընթաց են, և չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ կարելի է ազդարարել, թե դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտություն չկա»,- հայտարարեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին ի պատասխան, թե ինչ խութեր կան, որ կասկածներ են առաջացնում դատական համակարգի նկատմամբ:

«Այսօր թիվ մեկ խնդիրը, որ կանգնած է դատաիրավական համակարգի առջև՝ բարեփոխման լուրջ կարիքն է, և, կարծում եմ, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Դա դատական իշխանության, դատական բոլոր ատյանների գերծանրաբեռնվածությունն է: Դատաիրավական բարեփոխումների շրջանակում պետք է արվի ամեն ինչ, եթե մենք ուզում ենք ունենալ կանխատեսելի և որակյալ արդարադատություն, վստահելի արդարադատություն, որպեսզի կարողանանք թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը: Այսօր, այո՛, դատաիրավական բարեփոխումներն անհրաժեշտություն են, և այդ ուղղությամբ պետք են գործուն քայլեր»,- ասաց Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը: 

  • Կիսվել: