երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
 Այսօր Ադրբեջանը ներխուժել  է ՀՀ սուվերեն տարածք եւ դրա դեմ ոչինչ չի արվում․ Օսկանյան

Այսօր Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք եւ դրա դեմ ոչինչ չի արվում․ Օսկանյան

Այս իշխանությունների օրոք մենք կորցրեցինք Ղարաբաղը որպես պետություն, որպես տարածք, որպես հայրենիքի մաս, այսօր Արցախ գոյություն չունի, այս իշխանությունները Արցախը սկուտեղի վրա հանձնել են Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հավելելով, որ նույնիսկ Ադրբեջանը իր ամենալավ երազում չէր կարող պատկերացնել, որ նման իրավիճակ կստեղծվի:

«Այս իշխանություններին հաջողվեց դա անել, նրանք Արցախը դատարկ հանձնեցիբ թշնամիներին: Այսօր Ադրբեջանը ներխուժել  է ՀՀ սուվերեն տարածք եւ դրա դեմ ոչինչ չի արվում: 4000 զոհ են տվել, երիտասարդները զոհվել են այս իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում, 10 հազար երիտասարդ հաշմանդամներ կան: Եւ սա դեռ ամենը չէ, սկսվեց Կիրանցից, մենք շարունակելու ենք տարածքներ տալ, միգուցե միջանցք էլ տան, միգուցե  200-300 հազար ադրբեջանցի գան, օրեցօր փոքրացող Հայաստանի տարածքում ապրեն, երբեք չզարմանաք, որ տեսնեք` մոտ ապագայում այս ամենը իրականություն դառնա»,-ասաց նա:

 Օսկանյանը նշեց, որ ի լրումն այս ամենի, որպեսզի կարողանան այս ամենը կայուն եւ ընկալելի դարձնել փորձում են փոխել այս ժողորվրդի էությունն ու ինքնությունը: 

«Այսօր մեր պայքարը հենց սրա դեմ է: Այս իշխանությունների համար հայ նշանակում է մի պիտակ, որ չունի բովանդակություն, Հայաստանը մի աշխարհագրական տարածք է, որտեղ կարող են ապրել: Այս իշխանությունների համար ընդհանրապես հայրենքի գոյություն չունի, ավելին` սրանց համար գոյություն չունի նաեւ Աստված»,- ասաց նա:

Վարդան Օսկանյանը նշեց, որ ինքը համամիտ է Բագրատ Սրբազանի հետ, որ այս շարժմանը մասնակցելով մենք մեր պատմության ընթացքն ենք բեկում:

  • Կիսվել: