ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան

Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող,

Հարգելի՛ գործընկերներ,

Նախևառաջ ցանկանում եմ իմ շնորհակալությունն ու գնահատանքը հայտնել ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը և պարոն Դամիեն Կոտիեին կատարված աշխատանքի և ներկայացված զեկույցի համար։ Մենք ի գիտություն ենք ընդունում զեկույցում ներկայացված հիմնական հանձնարարականները և, անշուշտ, աշխատելու ենք դրանց իրականացման ուղղությամբ։

ԵԽԽՎ դիտորդական առաքելության գլխավոր եզրակացությունը հետևյալն է. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներն ունեցել են իրական ընտրության հնարավորություն քաղաքական այլընտրանքների միջև պատշաճ կազմակերպված ընտրական գործընթացի շրջանակում՝ չնայած արտաքին ուղղակի ճնշումներին։ Նորընտիր իշխանությունները ստացել են ժողովրդավարական մանդատ, որը պետք է հարգվի և իրականացվի պատասխանատվությամբ։

Գործընկերնե՛ր, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները կմնան Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության ամենանշանակալի ժողովրդավարական գործընթացներից մեկը։ Այս ընտրությունների առանձնահատուկ կարևորությունը պայմանավորված էր այն համատեքստով, որում դրանք անցկացվեցին։ Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին, Հայաստանի ժողովրդավարական անվտանգության և դիմակայունության մասին։ Եվ հենց այդ հարցերի կարևորության պատճառով դրանք դարձան արտաքին միջամտության թիրախ, որը ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բնութագրել է որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մինչ այժմ աննախադեպ իր մասշտաբներով և ինտենսիվությամբ։

Դիտորդական առաքելությունը փաստագրել է նախընտրական շրջանում արտաքին ուղղակի ճնշման բազմաթիվ դրսևորումներ՝ ներառյալ տնտեսական սահմանափակումները, դիվանագիտական սպառնալիքները և տեղեկատվական արշավները, որոնք նպատակ ունեին ոչ պատշաճ կերպով ազդել ընտրողների կամարտահայտության վրա՝ ի նպաստ ընդդիմության։ Գործադրվել են սահմանափակումներ հայկական ապրանքների արտահանման նկատմամբ, հնչել են սպառնալիքներ էներգակիրների մատակարարումների վերաբերյալ, իրականացվել են թշնամական քաղաքական հաղորդագրություններ և համակարգված տեղեկատվական արշավներ։ Այս գործողությունները շատ ավելի հեռուն էին գնում, քան սովորական քաղաքական մեկնաբանությունները։ Դրանք փորձեր էին՝ ազդելու հայ ժողովրդի ինքնիշխան ժողովրդավարական որոշումների վրա։

Սակայն դիտորդական առաքելության ամենակարևոր եզրակացությունն այն է, որ այդ ջանքերը չկարողացան կանխորոշել ընտրությունների արդյունքը։ Հայաստանի ժողովուրդը ցուցաբերեց ժողովրդավարական դիմակայունություն՝ դիմագրավելով աննախադեպ արտաքին ճնշումներին։

Արտաքին միջամտությանը տրված գլխավոր պատասխանն առճակատումը չէր։ Մասնակցությունն էր։ Քաղաքացիները գնացին ընտրատեղամասեր։ Ընտրական հանձնաժողովների անդամներն արհեստավարժ իրականացրին իրենց պարտականությունները։ Տեղական դիտորդները վերահսկեցին գործընթացը։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակեցին իրենց գործունեությունը։ Լրագրողները շարունակեցին կատարել իրենց աշխատանքը։ Միջազգային դիտորդներն ապահովեցին թափանցիկություն և վերահսկողություն։ Միասին նրանք ապահովեցին, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշումները կայացվեն Հայաստանի քաղաքացիների կողմից, այլ ոչ թե արտաքին դերակատարների։

Գործընկերնե՛ր,

Հունիսի 7-ի հիմնական ուղերձը հստակ է. Հայաստանի ապագան պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, ոչ թե արտաքին ճնշումները, սպառնալիքները կամ միջամտությունները։ Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ժողովրդավարական ընտրությունը շարունակում է ավելի ուժեղ լինել, քան հարկադրանքը, և որ ազգային ինքնիշխանությունը լավագույնս պաշտպանվում է ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով։

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայկական պետականությունը, կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը և կեցցե՛ հայ ժողովուրդը։

Շնորհակալություն»,- ելույթում նշել է պատգամավորը:

  • Կիսվել: