ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Այս պահին կենտրոնանում ենք եղած օրակարգի վրա». ԱԳ փոխնախարարը՝ Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկարի մասին

«Այս պահին կենտրոնանում ենք եղած օրակարգի վրա». ԱԳ փոխնախարարը՝ Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկարի մասին

Հայաստանի եւ Իրանի միջեւ խորհրդակցությունները բավականին ինտենսիվ են առաջ ընթանում թե ԱԳ նախարարների, թե ԱԳՆ-ների միջեւ խորհրդակցությունների մակարդակով: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Սա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ-իրական օրակարգը վերջին տարիներին ընդլայնվել է եւ ԱԳՆ-ները կոչված են օգնելու սպասարկել այդ օրակարգը, որը բավականին մեծ է: Այն իր մեջ ներառում է թե տնտեսական բազմաթիվ ծրագրեր, որոնք փորձում ենք կյանքի կոչել համատեղ ուժերով, թե փորձում ենք միմյանց ավելի ընկալելի դարձնել դիրքորոշումները միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված: Այս առումով անհրաժեշտ է, որ խորհրդակցությունները չընդհատվեն, պարբերական լինեն»,-ասաց նա:

ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել հայ-իրանական ամբողջ օրակարգին, այդ թվում տարածաշրջանային անվտանգության հարցերին:

«Գիտեք, որ հատկապես վերջին օրերի ընթացքում ԱԳՆ-ն նաեւ իր կողմից տարածված հաղորդագրությունների միջոցով ներկայացնում է այն իրավիճակը, որ ստեղծվել է տարածաշրջանում եւ Ադրբեջանի սադրիչ գործողությունների փորձերը, որոնք միտված են էլ ավելի ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, եւ այս ամբողջը հանգամանալից կերպով ներկայացվել է մեր իրանցի գործընկերներին»,-ընդգծեց Կոստանյանը:

Անդրադառնալով Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկարներին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Մենք այս պահին կենտրոնանում ենք այն օրակարգի վրա, որը ունենք Իրանի հետ»:

  • Կիսվել: