երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այո, ներդրողների հետ աշխատանքը Հայաստանում զրոյական մակարդակի վրա է. Միքայել Մելքումյան

Այո, ներդրողների հետ աշխատանքը Հայաստանում զրոյական մակարդակի վրա է. Միքայել Մելքումյան

Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան»-«Իմ քայլը» խմբակցությունների փոխհրաձգության ժամանակ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը իշխանական պատգամավորներին հորդորեց ցուցում կամ հրահանգ չտալ:


«Այն, ինչ ասվել է քաղաքապետարանի հետ կապված, ճիշտ է ասվել, Տիգրան Ուրիխանյանն էլ արձագանքել է: Պետք չի այստեղ մենք «արձագանք» ձայնագրման ստուդիա ցուցադրենք: Որևէ մեկը ցուցում, խորհուրդ տալու, մեծավարի բաներ անելու իրավունք չունի, և շատերն էլ մեծերի գործերին պետք է չխառնվեն: Հիմա չեմ ասի՝ պետք է քաղաքական ճանապարհ անցնեք, վաստակ ունենաք, բայց պետք է գնալ ճիշտ ճանապարհով:


Այո, ներդրողների հետ աշխատանքը Հայաստանում զրոյական մակարդակի վրա է: Վաղը վիճակագրական կոմիտեն կհրապարակի թվեր, և դուք կտեսնեք, որ այն, ինչ ես ասում էի հունվար-հունիսի հետ կապված, հունվար-սեպտեմբերին ավելի խայտառակ վիճակ է լինելու», -հայտարարեց Մելքումյանը:


Նա դիմելով խորհրդարանական մեծամասնությանը, ասաց՝ թող բարի լինեն ցուցաբերել համապատասխան մակարդակ և աշխատեն և ոչ թե հեգնանքով ու դասագրքային ոճով խոսեն:


«Գնացեք մտածեք, որ Հայաստան ներդրում չի գալիս, իսկ մնացած բաները հենց այնպես արձագանքներ են»,-հայտարարեց Մելքումյանը:

  • Կիսվել: