Ավտոմեքենան, տապալելով բետոնե էլեկտրասյունը, հայտնվել է մայթին՝ բնակչի սեփական տան պարսպի վրա
Այսօր, հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Հովիկ Իսրայելյանը իր վարած Mercedes E350 մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցից դեպի Արագածի փողոց տանող հատվածում դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել բետոնե էլեկտրասյունը, խաչմերուկի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու կիսակողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բնակչի սեփական տան ցանցե պարսպի վրա։ Հայտնում է shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։ Ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները, ովքեր հոսանքազրկել են տարածքը, ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, տապալված բետոնե էլետրասյունը նորով փոխարինելու աշխատանքներ։ Էլեկտրասյան տապալման հետևանքով ամբողջ էլետրալարերը լվացքի պարանի նման՝ մի մասը հայտնել են օդում, մի մասը՝ գետնին։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։