երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ավստրալիայի հայերը բողոքում են ադրբեջանական ագրեսիայի դեմ

Ավստրալիայի հայերը բողոքում են ադրբեջանական ագրեսիայի դեմ

Ավստրալիայի հայերը երկրի տարբեր ծայրերից մեկնել են Կանբերա՝ խոսելու շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին այն բանից հետո, երբ ավելի քան հարյուր հազար հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանն ասել է, որ վերջին իրադարձությունները ազդել են նաև Ավստրալիայի հայ համայնքի վրա:

«Ավստրալիայի հայ համայնքի անդամներն ունեն ընկերներ և հարազատներ այն վայրերում, որտեղ հումանիտար ճգնաժամ է ձեւավորվել, և դա տխրեցնող է ու ցավաի: Բայց մենք պետք է խստորեն դատապարտենք այս ագրեսիան՝ մեղավոր երկրներին պատասխանատվության ենթարկելու համար, այդ իսկ պատճառով մենք այստեղ՝ Կանբերայում, հավաքվել ենք որպես համայնք»։

Ցուցարար Օլիվիա Դիլանչյանն ասում է, որ ավստրալահայերի «սիրտ կոտրված է», երբ տեսնում են, որ էթնիկ հայերը հեռանում են տարածաշրջանից, որի հետ ունեն երկարամյա պատմական կապեր:

Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությունը առաջին առաքելությունն է իրականացրել տարածաշրջան վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այն ժամանել է կիրակի օրը՝ նկարագրելով շարունակվող ճգնաժամը որպես բարդ և նուրբ աշխարհաքաղաքական իրավիճակ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Անջելա Մուրն ասում է, որ օգնության եկած կազմակերպությունները տեղում անում են այն ամենը, ինչ կարող են: «Մարդիկ ուժասպառ են գալիս: ՄԱԿ փախստականների հարցերով հանձնակատարի գրասնեյակի ներկայացուցիչներն աշխատում են տեղում հենց արտակարգ իրավիճակների առաջին իսկ օրերից՝ օգնություն ցուցաբերելով ծալովի մահճակալների, ներքնակների և անկողնային պարագաների տեսքով»:

Ղահրամանյանն ասում է, որ հույս ունի, որ Ավստրալիայի հասարակությունը և կառավարությունը կպատասխանեն բողոքի ակցիային՝ օգնություն ցուցաբերելով տուժած էթնիկ հայերին: «Մենք հոգնել ենք լսելուց մտահոգություններն ու կարեկցանքը, որոնք հանգեցրել են նրան, որ 120,000 մարդ բռնի տեղահանվել է իր հայրենիքից: Այն, ինչ պետք է անի Ավստրալիան, միանալն է իր միջազգային դաշնակիցներին՝ տեղում մարդկանց մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում»:

SBS News-ին տված հայտարարության մեջ Արտաքին գործերի և առևտրի նախարարության խոսնակն ասել է, որ գերատեսչությունը խորապես մտահոգված է և ուշադիր հետևում է զարգացող հումանիտար իրավիճակին:

Արտաքին գործերի նախարար Փեննի Վոնգը հրապարակայնորեն կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել իր ռազմական էսկալացիան և կոչ է արել բոլոր կողմերին երկխոսության և հավատարիմ մնալ արդար և կայուն խաղաղությանը:

Ակցիայի մասնակից Խուրի Մայիսյանն ասում է, որ Ավստրալիայի հայերին խոսքերը չեն հերիքում. «Մենք միայն խոսքեր չենք ուզում, մենք գործ ենք ուզում»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: