երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ավիատոմսերը գնելիս ուշադիր հետևեք ավիաընկերության կայքին, ժամանակին եկեք օդանավակայան. Տաթևիկ Ռևազյանի խորհուրդները

Ավիատոմսերը գնելիս ուշադիր հետևեք ավիաընկերության կայքին, ժամանակին եկեք օդանավակայան. Տաթևիկ Ռևազյանի խորհուրդները

«Լոու քոսթ» չի նշանակում էժան գին, այլ նշանակում է ՝ ավիաընկերությունը խնայում է իր ծախսերը, ինչն էլ հնարավորություն է տալիս նվազեցնել ավիատոմսերի գները, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղավիացիայի կոմիտի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նրա ասուլիսի նպատակն էր «լոու քոսթ» ավիաընկերությունների թռիչքների մեկնարկից առաջ հանրությանը բացատրել՝ ինչպես պետք է օգտվել էժան ավիատոմսեր վաճառող ավիաընկերությունների ծառայություններից:

«30 եվրոյով ավիատոմս գնելու դեպքում պետք է անպայման շատ ուշադիր լինել, որովհետև դուք վճարում եք բացառապես ավիատոմսի համար: Օրինակ՝ Ryanair-ի պարագայում դուք կարող եք միայն փոքր բեռ ձեզ հետ վերցնել, որը կարող է տեղավորվել օդանավում նստարանի տակ», -ներկայացրեց Ռևազյանը:

Իսկ փոքր ճամպրուկ կամ մեծ՝ 20 կգ-անոց, վերցնելու համար պետք է վճարել, որոնց գները տարբեր են: Բացի այդ, օդանավում տեղ պահելու համար ևս պետք է վճարել:

«Այն գինը, որ տեսնում եք ավիաընկերության կայքում, դա միայն ավիատոմսի գինն է, մյուս ծառայությունների համար ևս պետք է վճարել: Առաջ ինչպես էր՝ բոլորը մեծ-մեծ ճամպրուկներով էին ճանապարհորդում, բայց «լոու քոսթերների» մուտքը շուկա վերացրեց այդ սովորությունը, մարդիկ սկսեցին սովորել ու մեկնում են ռյուկզակով ու փոքր ճամպրուկներով: Բայց Հայաստանում դեռ ժամանակ է պետք, որ այդ մտածելակերպը փոփոխվի» , -ընդգծեց Տաթևիկ Ռևազյանը:

Նա նաև քաղաքացիներին խորհուրդ տվեց ավիատոմսը գնելիս ամեն ինչ կարդալ, ուշադիր լինել ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկություններին, քանի որ ավիաընկերությանը հետո դժվար կլինի նրանց ասել՝ ինձ այդ մասին տեղյակ չի պահվել, կայքերում ամեն ինչ գվում է: Եթե մարդկանց համար նախկինում սովորական է եղել տուրիստական գործակալություններից պատվիրել ավիատոմսերը, ապա «լոու քոսթ»-երի դեպքում, ըստ պաշտոնյայի, քաղաքացին ինքն է իր գործակալությունը:

«Մենք ինքնուրույն ենք սկսելու պատվիրել մեր տոմսը և եթե որևէ սխալ անենք, ապա պատասխանատվությունը մեզ վրա է: Բացի այդ, կան տոմսերի տարբերակներ, որոնք պահանջում են տանը օն-լայն չեքին լինել, մինչև օդանավակայան հասնելը, դա եթե չանեք, դրա համար ևս առանձին վճարելու եք: Սա կարևոր է իմանալ մինչև օդանավակայան հասնելը: Ավիաընկերության աշխատողները «Զվարթնոց» օդանավակայանում ունենալու են 25 րոպե դատարկել ու նույնքան էլ պատրաստել օդանավը թռիչքի: Այնպես որ, պետք է ժամանակին ու պատրաստված լինել օդանավակայանում, որպեսզի սյուրպրիզներ չլինեն», -նշեց Ռևազյանը:

Նշենք, որ Ryanair ավիաընկերության Հռոմ-Երևան չվերթն առաջին անգամ նախատեսվում է, որ կայանալու է հունվարի 14-ին:

  • Կիսվել: