ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Ավելի քան երկու տասնամյակ մենք ունեցել ենք համայնքներ, որտեղ գրեթե ոչինչ չի արվել. Գևորգ Պապոյան

Ավելի քան երկու տասնամյակ մենք ունեցել ենք համայնքներ, որտեղ գրեթե ոչինչ չի արվել. Գևորգ Պապոյան

Նախկին համակարգը հետևյալ տրամաբանության մեջ էր գործում. հատկապես փոքր համայնքների պարագայում  դրանք  որևէ կերպ մոտիվացված չէին գումարներ հավաքելու, աշխատանքներ իրականացնելու հարցում, որովհետև անգամ այդ գումարները հավաքագրելու պայմաններում դրանց ծավալները մեծ չէին լինելու, և ոչ մեծ գումարները հնարավորություն չէին տալու համայնքների ներկայացուցիչներին, ավագանուն, համայնքապետարանին, տարածքային կառավարման ներկայացուցիչներին էական աշխատանք կատարել իրենց համայնքներում: ԱՅս մասին անդրադառնալով համայնքների խոշորացմանը՝ ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Ըստ Պապոյանի՝ այս ամենի արդյունքում գումարներ հավաքագրելու և աշխատանքներ իրականացնելու մոտիվացիան կորում էր. «Սա բերում էր նրան, որ նույնիսկ համայնքները և համայնքների մեծ մասը  իրենք չէին կարողանում իրենց սեփական ծախսերը հոգալ և պետությունը ստիպված էր մեծ քանակությամբ դոտացիաներ տրամադրել, որոնք ուղղվում էին միայն աշխատավարձի վճարմանը և դրանով ամեն ինչ ավարտվում էր: Արդյունքում մենք ունենում էինք համայնքապետարաններ, որտեղ աշխատում էին մարդիկ՝ ցածր աշխատավարձով, ցածր արդյունավետությամբ և ունենում էինք համայնքի բնակիչներ, որոնք իրենց հերթին դժգոհ էին համայնքի ղեկավարությունից, ավագանուց, որովհետև չէին կարողանում ծրագրեր իրականացնել իրենց համայնքի համար: Ավելի քան երկու տասնամյակ մենք ունեցել ենք  համայնքներ, որտեղ գրեթե ոչինչ չի արվել, կամ արվել է շատ փոքր հատվածով և պետության աջակցության շնորհիվ»:

Պապոյանի խոսքով՝ համայնքների խոշորացումը հնարավորություն է տալիս, որպեսզի ավելի շատ գումարներ հավաքագրվեն և այդ գումարների ճիշտ բաշխման միջոցով հնարավորություն է ընձեռնվում, որպեսզի ավագանին, համայնքի ղեկավարությունը որոշակի հերթականությամբ, իրենց հինգ տարվա կառավարման ընթացքում  համայնքներում աշխատանքներ կատարելով գնան առաջ. «Ոչ մեկ չի ասում, որ հնարավոր է մեկ համայնքի բոլոր բնակավայրերում մեկ տարվա ընթացքում բոլոր անելիքները միանգամից ավարտել: Դա ուղղակի անհնար է: Բայց, հնարավոր է որոշակի բաշխում իրականացնել և օրինակ 10 կամ 15 բնակավայր ունեցող համայնքում առաջին տարում 3-4 համայնքում անել որևէ մեծ աշխատանք, հաջորդ տարում՝ հաջորդ 3-4 համայնքում և այդպես շարունակ: Սա եթե համեմատենք երեք տասնամյակի ոչինչ չարածի հետ, ապա էական առաջընթաց է գործող համակարգի համար»:

  • Կիսվել: