Արթիկն ու Վո Ան Վլենը կիրականացնեն կոշտ թափոնների կառավարմանն ուղղված համատեղ ծրագրեր
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 4-րդ համաժողովի շրջանակում Շիրակի մարզի պատվիրակության անդամները, մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, հանդիպել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ֆրանսիական քույր քաղաք Վո Ան Վլենի ղեկավարության հետ։
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ երկկողմ հանդիպման ընթացքում առանձնացվել են կարևոր ուղղություններ, որոնց շրջանակներում շարունակվելու է փոխգործակցությունը։ Երկու համայնքներն առաջիկայում կփորձեն համայնքային ծառայողների վերապատրաստմանը, կլիմայի վրա ազդեցությանը և կոշտ թափոնների կառավարմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնել։ Արթիկ և Վո Ան Վլեն քաղաքների միջև փոխգործակցությունը ապակենտրոնացված շարունակական և արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից է: