շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Արշակ Կարապետյանի ստի բացահայտումը»․ Փաշինյանը նամակագրություն է հրապարակել

«Արշակ Կարապետյանի ստի բացահայտումը»․ Փաշինյանը նամակագրություն է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Tiktok-ի իր էջում հատված է հրապարակել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ 2021թ․ նոյեմբերի 14-ի առավոտյան ունեցած նամակագրությունից՝ կից գրելով՝ «Արշակ Կարապետյանի ստի բացահայտումը»։

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Կարապետյանը, այդ ժամանակ լինելով Պաշտպանության նախարար, չի զեկուցել իրեն, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք։

«Արշակ Կարապետյանը ամենակարճ պաշտոնավարած ՊՆ նախարարն է։ Այդ ընթացքում եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, եղել է 2021-ի մայիսի իրադարձությունները, հետո եղել է ՊՆ նախարար՝ եղել են 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Ես նրան որոշում եմ կայացրել հանել աշխատանքից, 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան նա ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել մեր տարածք եւ նույնիսկ դիրքեր են վերցրել։ Նա կամ դրա մասին տեղյակ չի եղել, կամ տեղյակ լինելով՝ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որեւէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում»,- հայտարարել էր Փաշինյանը։

Արշակ Կարապետյանը, ի պատասխան, ավելի ուշ հերքել էր Փաշինյանը պնդումները՝ հայտարարելով, որ իր մասին արված բացահայտումները շինծու են։ Նրա խոսքով՝ ինքն այդ օրը եղել է Դուբայում։

«Այնտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում, և այդ հանդիպման նպատակով ես մեկնել էի: Բացի դրանից, մենք ունեինք խնդիր զենքի գնման, որոշ տեսակների ներկրման դեպի Հայաստան, հիմնականում խոսքը հարվածային անօդաչու սարքերի մասին է: Եվ ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցելու մեր ղեկավարին սահմանում իրադրության մասին: Այդ զեկույցը պետք է աներ այն անձը, որը մնացել էր Պաշտպանության նախարարի տեղը՝ որպես այդ օրը նախարարի ֆունկցիաներ կատարող»,- նշել էր Կարապետյանը:

Փաշինյանը հրապարակած նամակագրությունից միացնում է 2021թ․ նոյեմբերի 14-ին՝ առավոտյան ժամը 9։38-ին Կարապետյանից ստացած ձայնային հաղորդագրությունը, որում ասվում է․ «Ողջություն եմ ցանկանում, պարոն վարչապետ։ Մեզ մոտ ամեն ինչ նորմալ ա»։

Ի պատասխան՝ Փաշինյանը, ըստ հրապարակված տեսանյութի, ժամեր անց՝ 16։12-ին, գրում է Կարապետյանին՝ «Ո՞ւր եք», 16։39-ին՝ հավելում՝ «Անպատասխանատու բան ստացվեց»։ Ժամը 18։26-ին Փաշինյանը գրում է Կարապետյանին․ «Լուրջ խոսակցություն պիտի ունենանք»։ Ավելի ուշ՝ 18։58-ին, Փաշինյանը հավելում է․ «Պիտի բացատրություն տաք հանրային՝ ինչ է տեղի ունեցել»։

  • Կիսվել: