ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արման Թաթոյանը ներկայացրել է, թե իշխանության գալու դեպքում որ հարցն է դարձնելու Ադրբեջանի հետ բանակցային օրակարգի առաջնահերթություն

Արման Թաթոյանը ներկայացրել է, թե իշխանության գալու դեպքում որ հարցն է դարձնելու Ադրբեջանի հետ բանակցային օրակարգի առաջնահերթություն

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քարոզարշավ են անցկացրել Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

Կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Կապանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Միասնության թևեր» կուսակցությունը՝ ի տարբերություն ընտրական գործընթացներին մասնակցող մյուս քաղաքական ուժերի, քաղաքացիներին լուծումներ է առաջարկում։

«Ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է լինելու, մենք կարողանալու ենք հարցերը լուծել։ Իշխանություն դեռ չեղած՝ արդեն Սյունիքի գյուղերի խնդիրները հասցրել ենք ՄԱԿ։ Ես լցնում եմ միջազգային օրակարգը։ Իմ վարչապետության ժամանակ այն դիվանագիտության անբաժան մաս է լինելու»,- ասել է Թաթոյանը։

Նա նաև խոստացել է իշխանության գալու դեպքում Ադրբեջանի հետ բանակցությունների առաջնային հարց դարձնել Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, որոնք Ադրբեջանը օկուպացրել է 2021-2022 թվականներին իրականացված տարբեր հարձակումների ընթացքում։

Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ 

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1251600

  • Կիսվել: