Արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրել են կուսակցության տասնյակից ավելի տարածքային խորհուրդներ և պատգամավորներ․ Արմեն Խաչատրյան
«Իմ թեկնածությունն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել են կուսակցության տասնյակից ավելի տարածքային խորհուրդներ և պատգամավորներ։ Պատգամավորից հստակ չգիտեմ քանի հոգի և ովքեր են եղել, գիտեմ, որ Լիլիթ Ստեփանյանն է առաջինն առաջարկել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Խաչատրյանի համոզմամբ կարևոր է, որ նախարարի պաշտոն զբաղեցնող անձն ունենա քաղաքական որոշումներ կայացնելու և մենեջմենթով զբաղվելու կարողություն։
Հարցին, արդյոք ՔՊ վարչության կողմից Արփի Դավոյանին նախարարի պաշտոնում չընտրելը տապալում էր վերջինիս համար նա նշեց․«Եթե մի բան ընտրությունով է, դա չի նշանակում, որ չընտրվելու դեպքում տապալում է․ թեկնածությունը եղել է, քվերակության է դրվել, չի անցել, նորմալ պրոցես է։ Ես քվերակությանը չեմ մասնակցում, որովհետև վարչության անդամ չեմ, բայց նպաստել եմ, որ Արփի Դավոյանի թեկնածությունը լինի, և եթե վարչության անդամ լինեի, կքվերակեի»,- ասաց Խաչատրյանը։