Արցախում «Ապրելու ձայնը» խորագրով գրական օրեր կկազմակերպվեն
Հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 2-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում կկազմակերպվեն գրական օրեր` «Ապրելու ձայնը» խորագրով, որի շրջանակներում կլինեն նաեւ մշակութային միջոցառումներ։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։ Մայր Հայաստանից Արցախ կայցելեն գրողներ ու գրականագետներ` մտքերի ու փորձի փոխանակման նպատակով։
Նախաձեռնության շրջանակներում կկազմակերպվեն նաեւ գրական մրցույթներ, գրական երեկոներ, ասմունքի մրցույթ, ցուցահանդեսներ ու համերգներ, Արցախի արդի գրականության վերաբերյալ զրույցներ,հանդիպումներ, դասախոսություններ։
«Գրական օրեր կազմակերպելու առաջարկով մեզ է դիմել արցախցի երիտասարդ գրող Նեմրութը(Սերգեյ Սաֆարյան), որից հետո համատեղ ջանքերով կազմել ենք միջոցառման ծրագիրը։ Նախաձեռնողն ու գլխավոր հովանավորը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակն է։ Իրենց աջակցությամբ մեզ են միացել նաեւ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Ստեփանակերտի քաղաքապետարանը։ Ունենք ինֆորմացիոն հովանավորներ։ Համագործակցում ենք նաեւ ՀՀ և ԱՀ գրողների միությունների հետ։ Միջոցառման հանդիսավոր բացումը կլինի հունիսի 27-ին»,- մանրամասնել է Հ. Ավագյանը` հավելելով, որ շուտով կհստակեցնի նաեւ այդ օրերին նախատեսվող միջոցառումների ժամանակացույցը։


