ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Արցախն ուրանալն ինքնիշխանությո՞ւն է, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները զիջելը սուվերենությո՞ւն է․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի այսօրվա ելույթի մասին

Արցախն ուրանալն ինքնիշխանությո՞ւն է, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները զիջելը սուվերենությո՞ւն է․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի այսօրվա ելույթի մասին

Հիմա ունենք մի իրավիճակ, երբ երկրի՝ ոչ բարով ղեկավարությունն ինքնիշխանության ու սուվերենության անվան տակ ոչնչացնում է, ավիրում ամեն ինչ. մեր երկիրը դնում է զոհասեղանին, զիջվում է ամեն ինչ՝ Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, զինանշանի հարցն է քննարկվում։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա գործընկերների, կուսակից ընկերների հետ մասնակցում էր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 107-րդ ամյակի առթիվ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ ՀՅԴ կազմակերպած  ծաղկեմատույցին։

ԱԺ պատգամավորն ասաց՝ Արցախը նվիրել են, հիմա անցել են Հայաստանի կազմալուծմանը։

«Հիմա մտածում են ադրբեջանցիների հետ առևտուր անելու, նրանց ծառայելու մասին, բայց հայ մարդը չի կարող նման կերպ ապրել»,-ասաց Դանիելյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին՝ դաշնակցական պատգամավորն ի պատասխան մի քանի հարցեր հնչեցրեց.

«Արցախն ուրանալն ինքնիշխանությո՞ւն է, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները զիջելը սուվերենությո՞ւն է, ադրբեջանցին Ջերմուկի վերևը նստած է, դա սուվերենությո՞ւն է, բանակի կազմաքանդումը, կազմալուծումն ինքնիշխանությո՞ւն է, ապառազմականացումն ինքնիշխանությա՞ն մասին է խոսում։ Փայլուն հարաբերություններ ունենք Վրաստանի հետ, բայց Վրաստանի տարածքով մեր գործարարները չեն կարողանում իրենց բեռները հասցնել Ռուսաստան, մերձբալթյան երկրներ։ Մի պաշտոնյա չկա, որ կարողանա խոսի, խնդիրը լուծեն, հանցավոր անգործություն է, գյուղատնտեսությունը վարի են տալիս, հեսա կասեն՝ մեզ պե՞տք է Արարատյան դաշտում լոլիկ աճեցնենք, սա ֆանտաստիկայի ժանրից չէ, սա քայլ առ քայլ իրականացնում են, սպասարկում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, սրանք անկարող են սպասարկել հայկական շահը։ Եվ այսօր գնալ Սարդարապատում սրտաճմլիկ հայտարարություն անել... դուք ի՞նչ կապ ունեք այս պետության հետ»։

  • Կիսվել: