հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումն անխուսափելի է. «Հայաստանի Հանրապետություն»

Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումն անխուսափելի է. «Հայաստանի Հանրապետություն»

 «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․«Օրեցօր Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսման գործընթացն ավելի տեսանելի է դառնում: Ադրբեջանաթուրքական զույգն աստիճանաբար հասկանում է, որ միջազգային հանրության կարծիքին դեմ գնալն իրեն ձեռնտու չէ, իսկ վերջինիս ճնշումներն աստիճանաբար ավելի են ուժգնանում: Թերևս, սրանով կարելի է բացատրել «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարի արած այն հայտարարությունը, թե չի առարկի, եթե ԵԱՀԿ համանախագահները նախաձռնեն իր եւ ՀՀ վարչապետի հանդիպումը: Պաշտոնական Բաքուն շատ շուտ հասկացավ, որ իր՝ «Արցախի խնդիրը լուծված է» կարգախոսը ոչ մի տեղ տանող ճանապարհ է՝ փակուղի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկիրը՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, 44-օրյա պատերազմի հրադադարի հենց հաջորդ օրը հայտարարեցին, որ արցախյան հիմնահարցին երկարաժամկետ և հիմնարար լուծում տալու համար պետք է վերսկսվեն քաղաքական բանակցությունները՝ դրանով փաստելով, որ հրահրած ագրեսիայով չի լուծվել հակամարտության բուն պատճառը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը: Մինսկի խմբում համանախագահող երրորդ երկրի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ պատերազմի օրերին հայտարարեց, որ Արցախի հիմնահարցը տարածքային չէ, այլ՝ էթնիկ: Սրանով ՌԴ նախագահը նույնպես փաստեց, որ պատերազմը հակամարտության լուծման չէր կարող բերել, և այն պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով:

Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցությունների վերսկսման մասին են պարբերաբար բարձրաձայնում նաև եվրոպական կառույցների ղեկավարները: Արցախի դեմ համատեղ ռազմական ագրեսիա սանձազերծած և պատերազմական հանցագործություններին բնորոշ գործողություններ արած ադրբեջանաթուրքական զույգին այսօր ձեռնտու չէ հակադրվել միջազգային կազմակերպություններին և խոշոր պետություններին, իսկ Ադրբեջանը դրա համար նաև չունի համապատասխան ռեսուրսներ, քանի որ պատերազմի ժամանակ կրել է ահռելի կորուստներ՝ թե ռազմական առումով, թե միջազգային հարաբերություններում, և ներկայում վերակենդանացման փուլում է:

Իսկ ինչ կլիներ, եթե Ադրբեջանն ու Թուրքիան համառեին և մերժեին Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները: Այն, ՌԴ նախագահի հայտարարության տրամաբանության համաձայն, մնալու էր չլուծված էթնիկ հարց: Իրադարձությունների զարգացման նման ընթացքի դեպքում ՌԴ խաղաղապահ ուժերը շատ երկար ժամանակ չեն լքի Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գիծը: Խաղաղապահների առաքելության նման սցենարը լիովին իրատեսական է, քանի որ Արցախի ժողովուրդը բազմիցս հայտարարել է, որ չի կարող Ադրբեջանի կազմում հայտնվել՝ նախ այն պատճառով, որ նախորդ դարի 90-ականների սկզբին հանրաքվեով արդեն հռչակել է իր անկախությունը՝ ժամանակի բոլոր օրենքներով վերապահված լիազորություններով իրացնելով իր ինքնորոշման իրավունքը, և երկրորդ՝ գոյության 100 տարիների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար ապացուցել է, որ նպատակային էթնիկ զտումների գործողությունների է դիմում հայերի նկատմամբ, որը միանշանակ գենոցիդի դրսևորում է: Նաև վերջին պատերազմը փաստեց, որ Ադրբեջանում երբեք չի հարգվել և չի ընդունվի իր բնօրրանում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի իրավունքը:

Մտածել, որ առանց Արցախի կարգավիճակի խնդրի քննարկման և հիմնահարցին լուծում տալու Ադրբեջանը 5 կամ 10 տարի հետո կարող է միակողմանի պահանջել Արցախից ռուսական խաղաղապահների հեռացումը, իրատեսական չէ: Առանց Արցախի կարգավիճակի որոշման խաղաղապահները չեն կարող դուրս գալ այդ տարածքից, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն բերելու է նոր պատերազմի: Իսկ նման զարգացումը չի բխում տարածաշրջանում առերևույթ խաղաղության և հաղորդակցությունների ուղիների բացմանը ձգտող ադրբեջանաթուրքական շահերից: Հետևաբար՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումն անխուսափելի է, առավել ևս, որ Բաքվում աստիճանաբար թուլանում է Թուրքիայից նվեր ստացած «հաղթանակի» էյֆորիան, և այնտեղ արդեն հասկանում են, որ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայով ամենևին էլ չհասան հարցի լուծման, այլ ավելի խորացրին հակամարտությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: