երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի հայաթափումը, բռնի տեղահանությունը տեղի են ունեցել մի իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունը ուղղակի մասնակցություն չի ունեցել․  Վաղարշակ Հակոբյան

Արցախի հայաթափումը, բռնի տեղահանությունը տեղի են ունեցել մի իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունը ուղղակի մասնակցություն չի ունեցել․ Վաղարշակ Հակոբյան

2020 թվականի ծանր պատերազմից, ազգային աղետից, երբ մենք հազարավոր մեր եղբայրների կորցրինք ծանրագույն պարտությունից հետո, Արցախը մնացել էր հայկական, և այն մնացել էր հայկական այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում քաղաքական պրոցեսները չէին հանգեցրել հեղաշրջման, իշխանափոխության, բայց Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, և այդ իշխանափոխությունից 10 օր հետո, երբ Հայաստանի ընդդիմադիր տարբեր շրջանակներ ողջունում էին այդ իշխանափոխությունը և նշում էին, որ այժմ նոր դարաշրջան է սկսվել արցահայության և Արցախի կյանքում, տեղի ունեցավ Արցախի հայաթափում, տեղի ունեցավ բռնի տեղահանություն մեր եղբայրների և քույրերի: Արցախում հայաթափում տեղի ունեցավ Արցախում իշխանափոխությունից հետո: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՔՊ խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ե՛րբ հանձնվեց ԼՂ-ը:

«Ես կարծում եմ, որ 30 տարվա բանակցային գործընթացը, 30 տարվա քաղաքականությունը, որը շատ հաճախ եղել է ոչմիթզական՝ ՀՀ-ում ներքին լսարանի համար, հայ ժողովրդի համար, իսկ միջազգային բոլոր հարթակներում բանակցվել է հայրենիքը զիջելու շուրջ, բանակցել են նախկին իշխանությունները, նախկին նախագահները, բանակցել են հայրենիքը զիջելու շուրջ, և այս ողջ պրոցեսը, ի վերջո, նաև Արցախում տեղի ունեցած սեպտեմբերյան իշխանափոխությունը կամ հեղաշրջումը հանգեցրեցին նրան, որ մեր քույրերը և եղբայրները բռնի տեղահանվեցին:

Ինչ վերաբերում է նրան, որ այս իշխանությունները, այսինքն՝ մենք, հանձնել ենք Արցախը, սա իրականությանը չի համապատասխանում, դուք սա շատ լավ գիտեք. Արցախի հայաթափումը, բռնի տեղահանությունը տեղի են ունեցել մի իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունը ուղղակի մասնակցություն չի ունեցել: Սա է իրականությունը»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: