ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արամ Սարգսյանը հորինված հեքիաթ է որակել Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին խոսակցությունները

Արամ Սարգսյանը հորինված հեքիաթ է որակել Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին խոսակցությունները

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քարոզարշավ են անցկացրել Կոտայքի մարզում։

Բնակիչների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել կուսակցության ղեկավար, ընտրական ցուցակի առաջին համար, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

Սարգսյանն անդրադարձել է ընդդիմադիր որոշ ուժերի կողմից շրջանառվող թեզերին, թե իբր «գործող իշխանությունների վերընտրման դեպքում Հայաստանում 300 հազար ադրբեջանցի է բնակեցվելու»։

«Ռուսական թևի այն կուսակցությունները, որոնք խոսում են 300 հազար ադրբեջանցիներից, չգիտեմ ինչից, ժողովուրդ ջան, Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների ո՞վ է բերել։ Ռուսաստանի խաղաղապահները չէի՞ն, որ կանգնած էին, ու ադրբեջանցիները եկան Ղարաբաղ։ Ադրբեջանցիներին Նախիջևան ո՞վ է բերել»,- ասել է Սարգսյանը։

Նա հավելել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, որը վերաբերում էր տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմանը և Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող ճանապարհի տրամադրմանը, հենց ադրբեջանցիներին Հայաստան բերելու մասին էր։

«Այդ հայտարարության 9-րդ կետը, որի ջատագովն են Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, հենց թուրքերին Հայաստան բերելու համար էր։ Այդ կետով էին գալու թուրքերը, հիմա նրանք խոսում են 300 հազար թուրք բերելու մասին»,- նշել է Արամ Սարգսյանը՝ շեշտելով, որ այդ ամենը Հայաստանի դեմ հորինված հեքիաթ է։

Նա վստահեցրել է, որ իրենց քաղաքական թիմի անդամները փորձառու են, կարող են երկրի առաջ ծառացած խնդիրները բարձրացնել Ազգային ժողովում և դրանց իրատեսական լուծումներն առաջարկել։

Հայաստանում գործող իշխանությունների վերընտրվելու դեպքում իբր 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին թեզը շրջանառում են հիմնականում «Ուժեղ Հայաստան»  և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները։ Չնայած Հայաստանի իշխանությունները հերքում են այդ խոսակցությունները՝ այդ թեման շարունակում է մնալ ընդիմադիր այդ ուժերի քարոզչական հիմնական թեզերից մեկը։ Նրանք արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութեր են պատրաստում այդ թեմայով ու ակտիվ տարածու, սոցիալական ցանցերում ու հեռուստատեսությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել են, որ Ադրբեջանի հետ բանակցություններում նման թեմա երբեք չի քննարկվել ու չի քննարկվելու։

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։

«Հանրապետություն» կուսակցության քվեաթերթիկի համարը 11-ն է։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Քեզ համար Հայաստան, քեզ համար» կարգախոսով։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1251599

  • Կիսվել: