կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առաջին դրսևորումը չէ, վստահ եմ` նաև վերջինը չէ. ԱԳ նախարարը` Երասխի դեպքերի մասին

Առաջին դրսևորումը չէ, վստահ եմ` նաև վերջինը չէ. ԱԳ նախարարը` Երասխի դեպքերի մասին

Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել և խաթարել բանակցությունների ընթացքը և ի վերջո ՀՀ–ին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե խաղաղության գնալիս ինչու պետք է Ադրբեջանը կրակի Երասխի ուղղությամբ։

՛՛Առաջին դրսևորումը չէ, վստահ եմ` նաև վերջին դրսևորումը չէ։ Այլ հարց է, որ մենք` և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ միջազգային հանրությունը, այսպիսի վարքագծի նկատմամբ պետք է շատ կտրուկ դիրքավորվենք` կա՛մ մենք բանակցում ենք բարի կամքով, ինչպես ընդունված է ասել, գտնելու փոխադարձ լուծումներ, կա՛մ եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է՛՛,-ասաց նախարարը:

Նա նաև հույս հայտնեց, որ Ադրբեջանի այս վարքագիծն անընդունելի է նաև միջազգային հանրության համար: Այս դեպքում, ինչպես և նախկին շատ դեպքերում, խոսքը վերաբերում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ ագրեսիային։

՛՛Այդ սահմանները պետք է մնան անխախտելի, ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, և միջազգային հանրությունն այս դեպքում պետք է դերակատարում ունենա՛՛,- ասաց Միրզոյանը։

Ըստ նրա՝ կոնկրետ Երասխի պարագայում մի նոր նրբերանգ էլ կա` նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում, և նախնական գնահատմամբ այն էապես նպաստելու է ՀՀ տնտեսությանը զարգացմանը։ Ադրբեջանը կեղծ բնապահպանական մեղադրանքներ ներկայացրեց, մինչդեռ հայկական կողմը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան է բոլոր գործընթացները կազմակերպել։

՛՛Ադրբեջանական կողմը փորձում է պարզապես ուժի գործադրմամբ խաթարել այս դեպքում այս ծրագիրը, սա ոտնձգություն է ոչ միայն ՀՀ սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, այլև զուտ, անհիմն մեղադրանքներ հնչեցնելով` խաթարել մի ծրագիր, որը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը՛՛,ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։

  • Կիսվել: