չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առաջիկայում ԱԺ նիստերը նախատեսվում է եթեր հեռարձակել սուրդոթարգմանությամբ

Առաջիկայում ԱԺ նիստերը նախատեսվում է եթեր հեռարձակել սուրդոթարգմանությամբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ղեկավար կազմի եւ շահառուների խնդրանքին ի պատասխան՝ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ:

Ինչպես փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը միավորման նախագահ Մարինե Հարությունյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թույլ լսողների եւ խուլ ու համրերի համայնքին առնչվող օրենսդրական կարգավորում պահանջող որոշ խնդիրներ, որոնց շտկման արդյունքում թույլ լսողների հաղորդակցումն առավել կհեշտանա: Ներկայացված հարցերի առանցքում են եղել նաեւ երիտասարդ խուլ-համրերի մասնագիտական կողմնորոշման հարցում պետական հոգածության մակարդակի բարձրացումը, հավասար մեկնարկային պայմանների ստեղծումը: Միավորման անդամները մատնանշել են նաեւ սուրդոթարգմանիչներ վերապատրաստելու հարցի կարեւորությունը եւ դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծելու շուրջ աջակցություն են խնդրել:

Ալեն Սիմոնյանը միավորման ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել շենքում, ծանոթացել պայմաններին: ԱԺ նախագահը ներկայացված խնդիրների լուծման առնչությամբ հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին:

ԱԺ նախագահը հանդիպման ավարտին միավորման շահառուներին տեղեկացրել է, որ առաջիկայում ԱԺ նիստերը նախատեսվում է եթեր հեռարձակել սուրդոթարգմանությամբ:

Վերջին տվյալներով Հայաստանում ապրում է լսողական խնդիրներ ունեցող 3000 մարդ:

  • Կիսվել: