Առաջիկա ընտրություններում ժողովրդի ձայնը չի գողացվելու. Փաշինյան
Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որովհետև ժողովրդի ձայնն այդ ընտրություններում չի կեղծվելու։
Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրում քաղաքացիների հետ հանդիպմանն ունեցած ելույթում այս մասին ասել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Անկախ որևէ արդյունքից՝ Հայաստանի Հանրապետության հերթական խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը, որովհետև ժողովրդի ձայնը չի կեղծվելու, ժողովրդի ձայնը չի գողացվելու, ժողովրդի ձայնը դեֆորմացիայի չի ենթարկվելու, և ես ժողովրդին կոչ եմ անում 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր և տեր կանգնել իրենց իշխանությանը, իրենց բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքին»,- ասել է Փաշինյանը։
Նա հայտարարել է, որ ընտրություններում ՔՊ-ի հիմնական ուղերձը խաղաղության թեման է։
«Այս ընտրություններում մեր թիվ մեկ ասելիքը, ամենակարևոր ասելիքը հետևյալն է․ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, և մեր խնդիրն է Հայաստանի Հանրապետության խաղաղությանը տեր կանգնել, ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը»,- նշել է նա։
Մայիսի 8-ին Հայաստանում մեկնարկել է հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ Կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։


