կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Առաջիկա տարում մեզնից յուրաքանչյուրն իր առաքելությունը պիտի լավագույնս անի. Գլխավոր հարկադիր կատարող

Առաջիկա տարում մեզնից յուրաքանչյուրն իր առաքելությունը պիտի լավագույնս անի. Գլխավոր հարկադիր կատարող

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը տարեմուտի խոսք է հղել: Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցնե՛ր,
 
Ավարտվում է 2020 թվականը, որը լի էր մարտահրավերներով՝ մի կողմից ամբողջ աշխարհին պատուհասած համավարակը, մյուս կողմից մեր ժողովրդի համար անդառնալի կորուստները։
 
Տարին ամփոփում ենք ծանր զգացողություններով, քանզի մեզ հետ չեն շատ հարազատ մարդիկ, շատ հայորդիներ, ովքեր նենգ թշնամու հրահրած պատերազմում հերոսացան հանուն հայրենիքի, հանուն մեր ապրելու և մեր գոյությունը փաստելու իրավունքի։
 
Անասելի ցավալի է այն գիտակցումը, որ շատ հայ օջախներում գալիք Ամանորներն այլևս առաջվանը չեն լինելու․ մեր հերոսների ֆիզիկական բացակայությունը երբեք չի լցվելու։ Հայ ժողովուրդը շատ փորձությունների է ենթարկվել, անելանելի իրավիճակներում հայտնվել, բայց մեր ազգային միասնականության շնորհիվ կրկին ապացուցել է այս երկրագնդի վրա իր անժխտելի գոյությունը, ամուր կանգնելով ոտքերի վրա՝ առաջ է շարժվել։ Հուսով եմ՝ ոչ մի հանգամանք այսուհետ ևս չի կարողանալու կոտրել մեր ազգային ոգին ու միասնականությունը։
 
2021 թվական մեզնից յուրաքանչյուրը մուտք է գործում հերոսաբար զոհված մեր տղաների հիշատակի առջև խոնարհումով և խոստմամբ, որ առաջիկա տարում մեր անելիքները շատ են, և այդ ճանապարհին մեզնից յուրաքանչյուրն իր առաքելությունը պիտի լավագույնս անի՝ ամենօրյա քրտնաջան աշխատանքով դուրս բերելու մեր երկիրը դժվարին այս իրավիճակից:
 
Թող գալիք 2021 թվականն ուժ տա բոլորիս՝ հաղթահարելու այդ խնդիրները, վերահաստատելու մեր ազգային միասնականությունը, թող այս Նոր տարին խաղաղություն ու առողջություն բերի յուրաքանչյուր հայի ընտանիքում։
Աստված պահապան Ձեր ընտանիքներին և սահմանին կանգնած մեր զինվորներին»։

  • Կիսվել: