հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Արագածոտնի մարզպետը Մաստարայի միջնակարգ դպրոցում ծանոթացել է իրականացված բարեկարգման ծրագրերին

Արագածոտնի մարզպետը Մաստարայի միջնակարգ դպրոցում ծանոթացել է իրականացված բարեկարգման ծրագրերին

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մարզպետի տեղակալներ Տիգրան Եղիազարյանի և Հարություն Գուլյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Մաստարայի միջնակարգ դպրոց:
 
Շրջայց կատարելով դպրոցում՝ մարզպետը ծանոթացել է շենքային պայմաններին, գույքային հագեցվածությանը և իրականացված բարեկարգման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկվել են նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Այցի շրջանակներում ներկաները զրուցել են դպրոցի կոլեկտիվի հետ, լսել են նրանց խնդիրներն ու առաջարկները:
 
«Առանց լավ կրթության հնարավոր չէ ունենալ զարգացած, պաշտպանված ու անվտանգ երկիր: Հենց սա է պատճառը, որ մենք դեմքով շրջվել ենք դեպի կրթություն, և այս համակարգում բարեփոխումների ծրագրերի իրականացումը մեզ համար առաջնային է: Իմ՝ կրթօջախներ այցելելու նպատակը տեղում, հենց մանկավարժներից, դպրոցի անձնակազմից իրենց խնդիրները լսելն է, որպեսզի հնարավորինս շուտ ու արդյունավետ լուծումներ գտնենք»,- ասել է մարզպետը:
 
Քննարկվել են հանրակրթության ոլորտի մի շարք հարցեր, որոնք վերաբերում են վերապատրաստումներին, ատեստավորումներին, դասապրոցեսի կազմակերպմանը, աշակերտների առաջադիմությանը. քննարկվել են նաև դպրոցում ջերմային ռեժիմի պահպանման, հակահամաճարակային կանոնների պահպանման, պատվաստումների վերաբերյալ հարցեր:
 
Արագածոտնի մարզպետարանը շուրջ 10 միլիոն դրամ է հատկացրել դպրոցին, որով ամբողջությամբ վերանարոգվել և մարզագույքով է հագեցվել դպրոցի մարզադահլիճը, վերանորոգվել են սանհանգույցներ, ձեռք է բերվել համակարգիչ և այլ գույք:
 
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ մարզպետարանի համագործակցության արդյունքում՝ դպրոցում տեղադրվել է 10 կՎտ հզորության արևային կայան:

  • Կիսվել: