երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու». Ալեն Սիմոնյանի համար անսպասելի էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականն է պահանջում

«Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու». Ալեն Սիմոնյանի համար անսպասելի էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականն է պահանջում

 ՀՀ ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի համար անսպասելի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իր հրաժարականը։ Այս մասին Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել։

«Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Ես շնորհակալ եմ Ռուզվելտի, Տրումենի, Քլինթոնի և այլ պատմական դեմքերի հետ համեմատության համար, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է:

Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, եւ «թքած», թե հետո ով ինչ կասի: Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները:
Հ.Գ.
Առիթից օգտվելով՝ ես նույնպես տարածում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի սույն հոդվածը, ինչպես նաև նրան հրավիրում եմ առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար»,– նշել է ԱԺ նախագահը:
 
Նշենք, որ Լևոն Տեր–Պետրոսյանը քիչ առաջ անդրադարձել էր Ալեն Սիմոնյանի արարքին և գրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
 
ՀՀ առաջին նախագահը կոչ է արել ՀՀ ողջ հասարակությանը, քաղաքական ուժերին՝ միանալ այս նախաձեռնությանը և ոչ միայն զանգվածային միջոցառումների, ցույցերի, երթերի, այլ զուտ իրավական միջոցներով։
 
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին: ԱԺ նախագահը չի հերքել, որ նման միջադեպ է եղել, բայց չի էլ հստակեցրել, թե ինչպես է արձագանքել իրեն դավաճան անվանած երիտասարդին։

  • Կիսվել: