երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Անկախության ճանապարհին առանձնահատուկ կարևորություն ունեն փոխադարձ հարգանքը, հավասարությունը, հանդուրժողականությունը․ ՄԻՊ

Անկախության ճանապարհին առանձնահատուկ կարևորություն ունեն փոխադարձ հարգանքը, հավասարությունը, հանդուրժողականությունը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը․

«ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Անկախությունը մեր պետականության կարևորագույն արժեքներից է, իսկ դրա ամրապնդումն ու զարգացումը հնարավոր են միայն այնպիսի հասարակության պայմաններում, որտեղ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, լիարժեք երաշխավորումը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը և իրավունքի գերակայությունը հաստատուն արժեքներ են։

Այս ճանապարհին առանձնահատուկ կարևորություն ունեն փոխադարձ հարգանքը, հավասարությունը, հանդուրժողականությունը և խտրականության որևէ դրսևորման բացառումը։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքը յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության ու խթանման, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ամրապնդման և իրավունքահեն հասարակության ձևավորման ուղղությամբ։

Վստահ եմ` մարդու իրավունքների երաշխավորման մշակույթի հետևողական ամրապնդումը, հանրային համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջավայրի ձևավորումը կարևոր նշանակություն ունեն մեր պետության կայուն զարգացման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն և իրավունքահեն արժեքների վրա հիմնված հասարակական միջավայր:

Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության և յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ամուր հենքի վրա։

Շնորհավո՛ր Անկախության տոնը»։

  • Կիսվել: