Անկախության այս տարվա մարտահրավերը Տիգրանաշենն է. 2 առաջարկ ունենք տիգրանաշենցիներին. Նարեկ Կարապետյան
Մեր անկախության այս տարվա մարտահրավերը Տիգրանաշենն է, պահել Տիգրանածենը հայկական, զարգացնել և ոչ թե հանձնել. Զարգացում, այլ ոչ թե հանձնում. Սա է մեր հիմնական գաղափարախոսությունը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21–ին, Տիգրանաշենում լրագրողների հետ զրույցում նշեց Աժ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները այսօր Տիգրանաշենի տարածքում ծառատունկ են կազմակերպել։
«Բացի ծառատունկից, մենք գլեմփինգի տուրիստական ծրագիր ենք նաև առաջարկելու, կհրապարակենք մոտակա ժամանակներում, կդիմենք շինթույլտվության, որ այս տարածքում տուրիստական գլեմփինգ զոնա սարքենք։ Երևանից մի քանի տասնյակ րոպեի հեռավորության վրա է, որ մարդիկ գան այստեղ, տուրիստական շարժ լինի, որ մարդիկ չթողնեն դուրս գան»,–ասաց նա։
Հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ այդ շինթույլտվությունը կստանան, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Հնարավորությունը խնդրահարույց կարող է լինել, բայց գլեմփինգի մոդելը այնպիսին է, որ շինթույլտվությունը որպես այդպիսին, չի պահանջում ամբողջ տարածքի համար։ Այսինքն մենք իրավունք ունենք առանց ամբողջ տարածքի շինթույլտվության սկսել մոնտաժ անելը, միայն ռեստորանային հատվածը։ Միայն տուրիստական կենտրոնի ռեստորանային հատվածի համար է շինթույլտվություն պետք, մենք կանենք մնացածը, ռեստորանային հատվածի համար էլ կդիմենք շինթույլտվության։
Այսօր տիգրանաշենցիների հետ հանդիպելու ենք, խոսենք, տներով կանցնենք։ Իրենց երկու-երեք առաջարկ ունենք, մեկը առաջարկելու ենք շուկա հենց ճանապարհին, որպեսզի բերքը կարողանան վաճառեն, երկրորդը, ում մոտ տանիքի խնդիր կա, տները բարեկարգելու անձնական խնդիրներ կան, փորձենք մեր պարգևավճարներից փոխանցեևլ և իրենց այդ հարցերը լուծել։ Փոքր գործ է, բայց մեզ ոգևորում է, որ կարողանում ենք օգտակար լինել»։
Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ իրենց նպատակն է պահել Տիգրանաշենը. «Իրենք առաջարկում են հանձնել Տիգրանաշենը, հետո հանձնել այլ հողեր, մենք առաջարկում ենք պահել, քանի որ Տիգրանաշենը հայկական օրենքներով վարչատարածքային բաժանումով Հայաստանի տարածք է»։



