կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Անդրանիկ Քոչարյանին պետք է մանդատից զրկել. Թագուհի Թովմասյան

Անդրանիկ Քոչարյանին պետք է մանդատից զրկել. Թագուհի Թովմասյան

Խիստ դատապարտում եմ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու իր քայլերի համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Նաև ուզում եմ արձանագրել, որ այո, չպիտի գոնե այս անգամ որևէ քայլ չարվի, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը պատասխանատվության ենթարկվի: Որովհետև այսպիսի դեպքերը դարձել են շարունակական, մարդիկ սկսել են իրենց ճաշակով պատասխանել, որ լրագրողին, որ հարցին են ուզում պատասխանել, որին չեն ուզում պատասխանել: Այս մթնոլորտը իսկապես շատ մտահոգիչ է, որպես նախկին լրագրող, նախկին գլխավոր խմբագիր եմ ասում, ով երկար տարիներ պայքարել է խոսքի ազատության համար և մինչև հիմա պայքարում է:

Մենք ստացել ենք այն ազդակները և այն հնարավոր դիմումի մասին տեղեկությունները, որ դուք պատրաստվում եք Ազգային ժողովի խմբակցություններից պահանջել, որ ձևավորվի էթիկայի հանձնաժողով։ Ուզում եմ ասել, որ մեր խմբակցությունը ընդառաջելու է, մենք համաձայն ենք որ սկսվի այդ գործընթացը: Հուսամ, որ մեր կստանանք նաեւ մեր գործընկերների դրական գնահատականը և համաձայնությունը և ի վերջո կոնկրետ դեպքի վերաբերյալ կձևավորվի ժամանակավոր էթիկայի հանձնաժողով, որը կտա եզրակացություն Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ»,- հայտարարեց պատգամավորը:

Նա նկատեց, որ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը բացարձակապես չի համընկնում պատգամավորի գործունեության և երաշխիքների մասին օրենքով սահմանված նորմերին. «Անդրանիկ Քոչարյանը խախտել է լրագրողի մասնագիտական գործունեության ազատության իրավունքը, նա խտրական վերաբերմունք է դրսևորել լրագրողների նկատմամբ, ինչը սահմանադրական արգելք է, որովհետև խտրական վերաբերմունք չի կարելի կիրառել ոչ պայմանավորված սեռով, ոչ տարիքով, ոչ ազգությամբ, ոչ նաև մասնագիտությամբ:

Ուզում եմ առավել հեռուն գնալ և արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանը նաև սեքսիզմին բնորոշ դրսևորումներով է իր խոսքը համեմել, ինչը ևս խտրական վերաբերմունք է և խտրականությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ արգելված է: Հետևաբար պատգամավորը պիտի կրի պատասխանատվություն»,- ընդգծեց Թագուհի Թովմասյանը:

Նա ընդգծեց, որ եթե իշխող ՔՊ խմբակցությունը ուզում է այդ խարանից ազատվել և դրա պատասխանատվության տակ չմտնել, պարտավոր է ընդառաջել և էթիկայի հանձնաժողովի ձևավորման համար տալ համապատասխան քանակի պատգամավորներ, որ ձևավորվի այդ հանձնաժողովը։

«Կարծում եմ՝ սկզբունքային հարց է, որ այդ հանձնաժողովի նախագահությունը իրականացնի ընդդիմությունը, որպեսզի իսկապես  անաչառ որոշում կայացվի, որ չստացվի այնպես, որ եկան, ընդդիմադիրներին լսեցին, իսկ իշխանությունը ինչպես միշտ ցանկացած որոշում ընդունում, անցկացնում է ու գնում:

Թվով իրենք ավելի շատ են, բայց պիտի կոնսենսուս ձևավորվի, եթե իրենք ուզում են իսկապես խնդիրը լուծել։ Եթե ուղղակի ձեզ հաճոյանալու համար պիտի ասեն, այո, կձևավորվի այդ էթիկայի հանձնաժողովը, բայց էթիկայի հանձնաժողովը չի հասնի նրան, որ Ազգային ժողովը կայացնի որոշում, որ պետք է Անդրանիկ Քոչարյանի ձեռքից մանդատը վերցնել, զրկել իրեն մանդատից, ուրեմն այս ամեն ինչը անիմաստ է, ուրեմն ձեր պայքարը անիմաստ է։

Պետք է հասնել նրան, որ Անդրանիկ Քոչարյանը պատգամավորական մանդատից զրկվի լրագրողի հետ անհարգալից խոսելու, լրագրողի հետ խուլիգանական վարքագիծ դրսևորելու համար:

Ընդ որում, մենք, իհարկե,  կքննենք մի դրվագը, բայց մենք հո տեսե՞լ ենք Անդրանիկ Քոչարյանի վարմունքը մյուս լրագրողների նկատմամբ: Դա պիտի լինի ազդակ նաև այն մյուս բոլոր պատգամավորների համար, որոնք որոշում են, թե որ լրագրողի հարցերին կարելի է պատասխանել, կամ որ հարցերին կարելի է պատասխանել, որին ոչ»:

Թովմասյանն ասաց, որ էթիկայի հանձնաժողովում համամասնությունը պիտի լինի այնպես, ինչպես ներկայացված են քաղաքական ուժերը Ազգային ժողովում. «Որպեսզի Անդրանիկ Քոչարյանը զրկվի մանդատից անհրաժեշտ կլինի Ազգային ժողովի որոշում։ Որոշումը ընդունվում է 54 ձայներով, այսինքն 54 պատգամավոր պիտի քվեարկի համոզմունքով, որ լրագրողների հետ չի կարելի պահել խուլիգանի պես»:

  • Կիսվել: