ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անդրանիկ Քոչարյանի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ՔՊ-ին, սակայն որոշել են չառաջադրել և այն թողնել թափուր

Անդրանիկ Քոչարյանի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ՔՊ-ին, սակայն որոշել են չառաջադրել և այն թողնել թափուր

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։

Նշենք, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, վերջինիս թեկնածությանը, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ չէ. Ղազինյանը 16-րդ անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ՔՊ-ին։

Նա ասաց, թե խմբակցությունը որոշել է այս պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր։

«Այս ամբողջ ընթացքում բոլոր նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերներս ներկայացրել են բոլոր այն օբյեկտիվ հիմնավորումները, որոնց արդյունքում ակնհայտ է, որ ընդդիմության ներկայացրած թեկնածուն չի կարող համապատասխանել տվյալ պաշտոնին:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածը հստակ սահմանում է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության կարգը, ինչպես նաև այն դեպքերը, երբ խմբակցությունը «Կանոնակարգով» սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրենց վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում:

2021 թվականի դեկտեմբերի 7-ի նիստում հայտարարվել է, որ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրում: Այս դեպքում տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ երեք անգամ «Քաղաքացիական պայմանագիր» հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել՝ ընդդիմադիր գործընկերներին առաջարկելով նոր թեկնածու առաջադրել, ինչը տեղի չի ունեցել:

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերահաստատում է, որ այս ողջ գործընթացում հետապնդել է բացառապես հանձնաժողովի բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակ և, որպես վերը նշվածի ապացույց, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է  կայացրել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր»,- ասաց Հովհաննիսյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, թե սրանով «Հայաստան» խմբակցությանը հնարավորություն են տալիս գալ, նստել ու ՔՊ-ի հետ քննարկել, թե ում կուզեն իրենք ներկայացնեն Արթուր Ղազինյանից դուրս։

  • Կիսվել: