շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անդամակցությունը դադարեցնելու մասին ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել. ՀԱՊԿ

Անդամակցությունը դադարեցնելու մասին ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել. ՀԱՊԿ

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է կազմակերպության մի շարք միջոցառումներին Հանրապետության չմասնակցելուն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից:

«ՀԱՊԿ քարտուղարությունն այս պահի դրությամբ Երևանի կողմից ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին որևէ դիմում չի ստացել։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին Հայաստանի Հանրապետության չմասնակցելուն»,- հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից:

 Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։ 

«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։

  • Կիսվել: