ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակի գրասենյակը՝ նշելով, որ այցի նպատակն է ընդգծելու ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության հաստատման գործում:
Դոնֆրիդը Հայաստանում կլինի հունիսի 18-ին, որտեղ կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: «Պետքարտուղարի տեղակալը կհայտնի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերին՝ հանուն տևական խաղաղության: Նա կընդգծի մեր ամուր համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ինչպես նաև մեր փոխադարձ հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Բաքվում ամերիկացի պաշտոնյան կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի, բարձրաստիճան պաշտոնյաների, քաղհասարակության անդամների հետ, նա շնորհակալություն կհայտնի Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար:
Թբիլիսիում Դոնֆրիդը ելույթ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կազմակերպած Կանանց միջազգային համաժողովում, կհանդիպի վարչապետ Ղարիբաշվիլիի և այլ պաշտոնատար անձանց, ընդդիմադիր գործիչների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիում քննարկելու է նաև Ուկրաինայում ռուսական կողմի գործողությունները, վերահաստատելու է ԱՄՆ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև անդրադառնալու ԱՄՆ կողմից տրամադրվելիք հետագա աջակցությանը՝ հանուն ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության առաջխաղացման՝ դիվերսիֆիկացնելու երկրի տնտեսությունն ու կառուցելու բարեկեցիկ ապագա: