կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ն լրացուցիչ ֆինանսավորման փաթեթում նախատեսում է օգնություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

ԱՄՆ-ն լրացուցիչ ֆինանսավորման փաթեթում նախատեսում է օգնություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

 ԱՄՆ-ի հումանիտար օգնության լրացուցիչ փաթեթում նախատեսվում է նաև օգնություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նա նշել է, որ շատ կարևոր է համարում Սենատի կողմից ազգային անվտանգության լրացուցիչ փաթեթի ընդունումը, որը Վաշինգտոնին թույլ կտա աջակցել Ուկրաինայի ժողովրդին Ռուսաստանի դեմ պայքարում, Իսրայելին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման դեմ պայքարում, նաև ռեսուրսներ կապահովի Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի համար, որոնք, ըստ Սալիվանի, հարձակման են ենթարկվում Իրանի աջակցությունը վայելող զինյալների կողմից։

«Օրինագիծը կյանքեր փրկող մարդասիրական օգնություն կտրամադրի խոցելի մարդկանց, որոնք տուժել են հակամարտություններից՝ ամբողջ աշխարհում: Դա ներառում է միլիոնավոր ուկրաինացիների, որոնք տեղահանվել են Ռուսաստանի դաժան ներխուժման պատճառով: Դա ներառում է հակամարտությունները Սուդանում և Լեռնային Ղարաբաղում», - ասել է Սալիվանը Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում։

Լեռնային Ղարաբաղին տրվող աջակցության մասին լրագրողներն ավելի ուշ հարց են ուղղել նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին։ Նա նշել է, որ լրացուցիչ ֆինանսավորման օրինագծում ներառված է հումանիտար օգնության մասին դրույթ, որը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից «ամբողջ աշխարհում առկա հակամարտություններին հումանիտար արձագանք տալու նպատակով»։

Փետրվարի 13-ին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին օրինագծին։ Այդ գումարից 60,06 մլրդ դոլարն առաջարկվում է ուղղել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը, 14,1 մլրդ դոլարը՝ Իսրայելին օգնությանը, 4,83 միլիարդ դոլարը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին, այդ թվում՝ Թայվանին։

Օրինագիծը դեռ պետք է հաստատվի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում, որտեղ հայտարարել են, որ չեն հաստատի փաթեթը, քանի որ այն չի պարունակում Մեքսիկայի հետ սահմանի անվտանգության միջոցառումները խստացնելու դրույթներ։

  • Կիսվել: