Ամեն ինչ արեցին, որ չկարողանանք պատերազմը շուտ կանգնեցնել. Քոչարյանը մանրամասներ է պատմել
Ամեն ինչ արեցին, որ որևէ հնարավորություն չունենանք ազդելու 44-օրյա պատերազմը շատ ավելի շուտ կանգնեցնելու հարցում։ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց քաղաքացու հարցին, թե ինչու չի կանգնեցրել պատերազմը։
Նա հիշեցրեց, որ թեև այն ժամանակ որևէ պաշտոն չուներ, բայց փորձել են Ղարաբաղում ինչ–որ բան անել։
«3-4–րդ օրը ինձ համար պարզ էր, որ էս կազմակերպվածությամբ այն ինչ կատարվում է, լավ բանով չի ավարտվի։ Այն ժամանակ բացակայելու արգելք ունեի, բայց դատավորից ստացել ենք երկրից դուրս գալու թույլտվություն։ Քովիդ էր, և առանց թեստ հանձնելու հնարավոր չէր դուրս գալ, հանձնել եմ թեստը, և, չնայած լրիվ առողջ էի, պատասխանը եկավ, թե ես քովիդ ունեմ։ Գնել ենք 4-5 ռափիդ–թեստ, բոլորը բացասական արդյունք են ցույց տվել։ Նույնիսկ այդ ճանապարհով արել են ամեն ինչ, որ իմ կապերով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չունենամ»,–ասաց նա։


