Ալիեւյան սահմանադրական հանրաքվեի մերժումը պետք է դառնա համազգային գործ. ՀԱԿ–ի հայտարարությունը
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության 35–ամյակի կապակցությամբ։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ
• 35 տարի առաջ վերածնվեց Հայոց անկախ պետականությունը։
• Անկախությունը ձեռք բերվեց համաժողովրդական բնույթ ստացած Հայոց Համազգային Շարժման համառ պայքարի արդյունքում, Խորհրդային Միության տոտալիտար համակարգի դիմադրության պայմաններում։ Շնորհավորելով հայ ժողովրդին այս պատմական առիթով, Հայ Ազգային Կոնգրեսը խոնարհվում է անկախության նվաճման համար իրենց կյանքը զոհաբերած քաղաքացիների հիշատակի առջեւ եւ վճռականորեն մերժում նորօրյա ռեվիզիոնիստների այն պնդումները, թե իբր «անկախությունը վերեւից ընկել է հայերի գլխին»։
• Անկախության հռչակագիրը ընդունվել է Հայոց խորհրդարանի կողմից բացարձակ կոնսենսուսով եւ արտահայտել է Հայոց պետության վերստեղծման՝ սերունդների դարավոր երազանքը։
• Հայաստանի իշխանությունները կանգնած էին երեք համակարգային մարտահրավերներ հաղթահարելու անհրաժեշտության առջեւ. 1) հաստատել կարգուկանոն ու հիմնել անկախ պետության հաստատությունները՝ բանակ, հետախուզություն, դիվանագիտություն, սեփական արժույթ եւ ֆինանսավարկային քաղաքականություն վարելուն կոչված մարմիններ, մաքսային ծառայություն եւ անկախ պետության այլ ծառայություններ, 2) իրականացնել համակարգային անցում սոցիալիստական ադմինիստրատիվ համակարգից դեպի շուկայական ազատական տնտեսություն, 3) դիմակայել Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տոտալ շրջափակման պայմաններում պահպանել պետության կենսունակությունը ։ Հայաստանի նորանկախ պետությունը պատվով հաղթահարեց այս բոլոր մարտահրավերները, հաստատելով սեփական պետություն ստեղծելու եւ այդ պետության կենսունակությունն ապահովելու հայ ժողովրդի կամքը։
• Արտաքին քաղաքականության բնագավառում ընդունվեց բոլոր աշխարհաքաղաքական ուղղություններով համագործակցություն հաստատելու դոկտրինը։ Բլոկային մտածելակերպից ազատված՝ Հայաստանը գործուն հարաբերություններ հաստատեց Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, ջերմ բարիդրացիական հարաբերություններ զարգացրեց Իրանի եւ Վրաստանի հետ, լուրջ քայլեր կատարեց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
• Դրվեցին ազատական շուկայական տնտեսության հիմքերը։ Համաշխարհային Բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից Հայաստանը հռչակվեց ազատական բարեփոխումների մոդելային երկիր։
• Հայոց պետականության հիմքում դրվեց միջազգային իրավունքի ճանաչման, հարեւան երկրների հետ խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գաղափարը։ Միեւնույն ժամանակ, իրատեսական քաղաքականությունը թելադրում էր այն մոտեցումը, որ հակամարտությունների կարգավորման եւ խաղաղության հասնելու պետության կարողությունը պետք է խարսխվի ռազմական հարձակումից պաշտպանվելու ունակ զինված ուժերի եւ դաշնակիցների հետ փոխօգնության ամուր համակարգի վրա։
• Պետությունը կենտրոնացել էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում պետականության ամրապնդման եւ Արցախի ժողովրդին բնաջնջումից փրկելու եւ նրա ինքնորոշման իրավունքը պաշտպանելու խնդիրների վրա։ Իշխանությունները մերժում էին պատմական հողերի ետ նվաճման «հայդատական» բախտախնդրական փուչ երազանքները, ինչպես նաեւ առավելապաշտությունը Արցախյան խնդրի կարգավորման հարցում։
• Արդյունքում, իրատեսության եւ աշխարհաքաղաքական գործընթացների ճիշտ ընկալման, ճկուն դիվանագիտության, ինչպես նաեւ բանակային արդյունավետ շինարարության շնորհիվ Հայաստանի իշխանություններին հաջողվեց հասնել Մինսկի խմբի կողմից ներկայացված ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի առաջարկի, որը մի կողմից հաստատում էր Արցախի դե ֆակտո անկախությունը եւ ճանապարհ բացում Արցախի դե յուրե անկախության աստիճանական միջազգային ճանաչման գործընթացի համար, եւ մյուս կողմից՝ ընդունելի էր ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Ադրբեջանի համար։
• Ցավոք, առաջին ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը եւ Արցախի ժողովրդի անվտանգության ստեղծված համակարգը հետագայում ոչնչացվեց առավելապաշտական «ոչմիթիզական» պատրանքների պատճառով։ Մերժելով խաղաղ կարգավորման պլանը, Հայաստանում իշխանության եկան առավելապաշտական, իրատեսությունից եւ համաշխարհային գործընթացների սթափ գնահատականից հեռու քաղաքական ուժեր, որոնք նպատակ դրեցին Ադրբեջանից եւ միջազգային հանրությունից ստանալու ավելին, քան վերջիններս պատրաստ էին տալ կամ հանդուրժել։
• Արցախի կործանման եւ Հայոց պետության աղետալի թուլացման վերջին վճռորոշ հարվածը հասցրեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, մերժելով բանակցությունները, կազմաքանդելով Մինսկի խմբի՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու գործառույթը, եւ Հայաստանն ու Արցախը ներքաշելով Ադրբեջանի հետ անհավասար պատերազմի մեջ։
ԱՅՍՕՐՎԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
• Հայաստանի այսօրվա իշխանությունները, որպես անկախության ժամանակաշրջանի նվաճումների կորստի եւ սեփական ձախողումների արդարացման միջոց, ընտրել են անկախության շրջանի պատմության աղավաղումը, մեր փառավոր անցյալի եւ նվաճումների գաղափարախոսական հիմքերի վարկաբեկումը։
• Նրանք փորձում են ներկայացնել Անկախության հռչակագիրը որպես հարեւանների հետ «հակամարտություն գեներացնող» փաստաթուղթ, բառացիորեն կրկնելով ադրբեջանական հայատյաց պետական պրոպագանդայի հիմնական դրույթները։
• Ադրբեջանի ճնշման ներքո նրանք հակասահմանադրական պատերազմ են հայտարարել հայկական ինքնությունը դարերով կրող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ճնշում եւ հետապնդում են ադրբեջանական պետական պրոպագանդային հակառակվող քաղաքական եւ հասարակական գործիչներին եւ կազմակերպություններին։ Փաշինյանի կողմից որպես «պաշտոնական գաղափարախոսություն» հռչակված «Իրական Հայաստանը» կամ «Չորրորդ Հանրապետությունը», ոչ թե ուղղված են «հայդատականության» կամ առավելապաշտության դեմ, ինչպես պնդում են փաշինյանական պրոպագանդիստները, այլ շղարշ են ալիեւյան պրոպագանդայի «նարատիվները» եւ հետագա զիջումները հայ ժողովրդի վզին փաթաթելու համար.
• Հանրային դեբատն անընդունելի ցածր, հայհոյախառն եւ փողոցային մակարդակի իջեցնելով, քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարում Սահմանադրության եւ օրենքների նորմերը խախտելով, յուրացնելով եւ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իշխանությունները թունավորել եւ պառակտել են հանրային մթնոլորտը, բաժանելով եւ իրար դեմ հանելով հասարակության տարբեր շերտեր։
• Եթե իշխանավարության առաջին շրջանում նրանք, ըստ էության, իրականացնում էին պատերազմով մեր դիրքերը հանձնելու քաղաքականություն, այսօր, իրենց իսկ քաղաքականության արդյունքում բանակի ջախջախումից հետո, անցել են Ադրբեջանի բոլոր պահանջներին եւ ոտնձգություններին խաղաղությամբ եւ հնազանդությամբ ենթարկվելու քաղաքականությանը։
• Ահագնացող աշխարհաքաղաքական հակամարտության, մասնավորապես ամերիկյան-իրանական եւ ռուս-ուկրաինական ընթացող պատերազմների պայմաններում, որոնք իրականում գերտերությունների պատերազմներ են աշխարհի տիրակալության համար, իշխանությունները, Ադրբեջանի դիկտատի եւ հին պրոպագանդիստական շտամպերի ազդեցության ներքո, ղեկավարվելով բացառապես սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով, որդեգրել են բլոկային մտածողություն եւ միակողմանիորեն մեկ աշխարհաքաղաքական ճամբարին կցվելու քաղաքականություն։
• Առանց Հայաստանի ռազմական, էներգետիկ եւ պարենային անվտանգության որեւէ հաշվարկի կամ հիմնավորված վերլուծության, դեպի Հարավային Կովկաս Եվրոպական Միության ընդարձակվելու պլանների բացարձակ բացակայության իրավիճակում, Հայաստանի ներկա իշխանությունները, ընդամենը վաթսուն հազար քաղաքացիների ստորագրությունների հիման վրա, ընդունել են օրենք Եվրոպական Միությանն անդամակցելու վերաբերյալ, որի միակ զգալի հետեւանքը Հայաստանի տնտեսական դիրքերի թուլացումն է Եվրասիական տնտեսական միության մեջ։ Եւ սա այն դեպքում, երբ հենց նույն իշխանությունների խոստովանությամբ, ԵԱՏՄ անդամակցությունը չափազանց շահեկան էր Հայաստանի տնտեսության համար։
• Հայաստանի այսօրվա իշխանությունների վտանգավոր ձեռնարկումներից մեկը ԹՐԻՓՓ միջանցքի նախագծի իրականացումն է, որը Ադրբեջանին Հայաստանի տարածքով հաղորդակցությանը տալիս է «անխոչընդոտ» կարգավիճակ, մինչդեռ Հայաստանը նույն պայմանները չի ստանում Նախիջեւանի տարածքով անցման դեպքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման լուծման դեպքում Հայաստանի բոլոր ռազմավարական հաղորդակցությունները անցնելու են Ադրբեջանով, Հայաստանը հայտնվում է Ադրբեջանից բացարձակ կախվածության մեջ, եւ ձեռք չի բերում ազդեցության փոխադարձ լծակներ։ Այս միակողմանի կախվածության մեխանիզմը, որ Ադրբեջանին տալու է Հայաստանի հանդեպ մշտապես ճնշումներ գործադրելու եւ զիջումներ կորզելու հնարավորություն, կարող է չեզոքացվել միայն մեկ դեպքում՝ եթե կառուցվի Հայաստանը Սյունիքով Իրանին կապող երկաթուղի, որը ե՛ւ կհաղթահարի Ադրբեջանից կախվածությունը, ե՛ւ մեկ երկրի միջոցով կկապի Հնդկական Օվկիանոսն ու Սեւ ծովը։ Առանց նման լուծման ԹՐԻՓՓ֊ն ընկալվելու է որպես աշխարհաքաղաքական մեկ բլոկի շահերին ծառայող գործիք, այդպիսով Հայաստանի տարածք բերելով աշխարհաքաղաքական «պրոքսի» պատերազմի ռիսկերը։
• Անհասկանալի է նաեւ, թե ինչու Հայաստանը հայտ չի ներկայացրել ԲՐԻԿՍ կազմակերպությանն անդամակցելու նպատակով։ Ի վերջո, այդ կազմակերպության անդամ են ԵԱՏՄ-ի անդամ Ռուսաստանը, Իրանն ու Ինդոնեզիան (որոնց հետ ԵԱՏՄ-ն ազատ առեւտրի պայմանագրեր է ստորագրել), մեր մեծ առեւտրատնտեսական գործընկերներ Չինաստանն ու Միացյալ Արաբական Էմիրությունները, մեր դաշնակից Հնդկաստանը։ Բացատրությունը նույնն է՝ բլոկային մտածողությունը։
• Ադրբեջանի թելադրանքով Հայաստանի ներկա իշխանությունների հերթական գրոհը սեփական ժողովրդի դեմ լինելու է Ալիեւի պահանջած սահմանադրության ընդունումը։ Այսօրվա իր տերերի հրամանը կատարելու նպատակով Փաշինյանը ամեն ջանք կգործադրի Հայաստանի անկախության իրավաքաղաքական հիմքերը խարխլող այդ հանրաքվեի անցկացման համար։ Մենք պետք է պատրաստ լինենք ազգովի դիմակայելու Հայաստանը վերջնականապես ադրբեջանահպատակ տարածք դարձնելու այդ ջանքերին։
• Հայաստանի այսօրվա իշխանությունները դարձել են Հայաստանի անկախության եւ ազգային շահերի համար ամենամեծ սպառնալիքը։
• Անկախության հռչակագրի պաշտպանությունը եւ ալիեւյան սահմանադրական հանրաքվեի մերժումը պետք է դառնա համազգային գործ, միավորի Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին եւ կազմակերպություններին, ժողովրդավարներին եւ ազգայնականներին, հավատացյալներին եւ աթեիստներին, սոցիալիստներին եւ ազատականներին»։



